Ամբողջ հարստությունը կենտրոնացած է շատ փոքր թվով մարդկանց մոտ: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով գոյություն ունի 34 տոկոս աղքատության մակարդակ, ընդ որում, որպես աղքատության շեմ, 17 հազար դրամ շեմ են ընտրել ամսական: Սա զավեշտ է, որովհետեւ, ասենք, 18 հազար դրամով մարդիկ չեն կարող ձմեռային հագուստ գնել, հոգալ իրենց տարրական կարիքները: Այս պահի դրությամբ 1 ամսվա շրջանակներում 100 հազար դրամը կարող է հասցնել այն վիճակի, որ գոնե չգտնվենք խոցելի վիճակում: Եթե շեմը 17 հազար դրամից բարձր դնեին, աղքատությունը կհասներ 80 տոկոսի: Մարդիկ այս գնաճի պայմաններում չեն կարողանում գնել կենսապահովման անհրաժեշտ ապրանքները: Հայաստանում գները դեֆորմացիայի են ենթարկվում: ՀՀ-ում ներմուծումը միշտ գերակա է: Երկրում ազատ տնտեսական մրցակցության բացակայությունը, երկրում հարստության բեւեռացումը գնաճի հիմնական գործոններից են:
Այսօր «Հենարան» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսպես մեկնաբանեց, թե ինչու է Հայաստանում այսքան բարձր գնաճ արձանագրվում, երբ Պարենի համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային գների անկում է արձանագրել:
Մեր հարցին՝ ԵՏՄ-ում մեզ կհաջողվի՞ ներմուծող երկրից դառնալ արտահանող երկիր՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ծանր արդյունաբերության բնագավառում՝ հանքարդյունաբերություն, կաբելագործություն, գումարած թեթեւ արդյունաբերությունը կոշիկի արտադրություն, ՀՀ-ն գրավում էր ԽՍՀՄ-ում շատ բարձր դիրքեր: Հայերն իրենց ուղեղի, շնորհքի պատճառով առաջատար դիրքեր են կարողանում գրավել: ԵՏՄ-ում էլ կարող ենք»:
Մեր հարցին՝ տարբեր օրենսդրական նախագծեր են մշակվում՝ հաշվելու, թե որքան պետք է կազմի նվազագույն կենսապահովման զամբյուղը, ՀՅԴ-ն էլ նախագիծ էր մշակել, թե քանի գրամ մակարոն, քանի գրամ սոխ եւ այլ մթերքներ պետք է ուտի մարդը՝ կենսապահովման համար, Դուք ունե՞ք որոշակի հաշվարկ, որքա՞ն պետք է կազմի այն՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Նորմալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ է 2100 կկալ էներգիա: Դա բավարար է նորմալ առողջ կյանք ունենալու համար: Բայց մի ստվար զանգված, չունենալով հնարավորություններ, կարող է չապահովել այդ գիծը: Դրանով պայմանավորված՝ մենք կազմում ենք սպառողական զամբյուղը: Մեզ չի հաջողվում ապահովել նորմալ կենսապահովման զամբյուղ՝ հաշվի առնելով եկամուտները: Գների այս պայմաններում ՀՀ-ում նվազագույն զամբյուղը պետք է արժենա 100-120 հազար դրամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ