«Առավոտի» հետ զրույցում ասում է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը
– Ձեր կարծիքով՝ նոր Սահմանադրությունը կնպաստի՞ երկրում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությանը:
– Եթե վերլուծենք Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները, ապա կարող եմ ասել, որ գործող Սահմանադրության համեմատ նախագծում տեղ են գտել մի շարք առաջադեմ ու հստակ դրույթներ եւ երաշխիքներ: Որպես Օմբուդսմեն` ինձ համար կարեւոր է, որ ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ հենց Մայր օրենքը կարողանան համընթաց քայլել մարդու իրավունքների ոլորտում զարգացող չափանիշներին ու սկզբունքներին: Այս առումով առաջարկվող նախագիծը միանշանակ ավելի է մոտեցնում մարդու իրավունքների երաշխիքները մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին ու ընդունված նշաձողին: Մարդու տարբեր իրավունքների իրացման սահմանները, ինչպես նաեւ դրանց սահմանափակումները արդեն առավել հստակ ու կանխատեսելի են դառնում: Բացի այդ, նախագծում տեղ են գտել լիովին նոր դրույթներ, որոնք մի քայլ առաջ են գործող Սահմանադրությունից. օրինակ` արդար դատաքննության, վնասի դեպքում փոխհատուցում ստանալու, կանանց ու երեխաների իրավունքների, անձնական տվյալների արդյունավետ պաշտպանության եւ մի շարք այլ հարցերում: Այսինքն՝ կարող եմ ասել, որ այս տեսքով նախագծի ընդունման դեպքում Սահմանադրության՝ մարդու իրավունքների վերաբերյալ գլուխը ավելի կբարելավվի:
– Տարբեր բացասական կարծիքներ են հնչել նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ: Օրինակ՝ շատերը մարդու իրավունքների սահմանափակումների վերաբերյալ դժգոհություն ունեն: Դուք ի՞նչ կասեք:
Կարդացեք նաև
– Եթե խոսենք մարդու իրավունքների սահմանափակումների վերաբերյալ Ձեր բերած օրինակից, ապա դրանք առաջինն են մեր ուշադրությունը գրավել եւ դրանց շուրջ հիմնավոր ուսումնասիրություններ ենք կատարել: Արված ուսումնասիրություններն ինձ թույլ են տալիս միանշանակ ասելու, որ մարդու իրավունքների սահմանափակումների մեջ չկա որեւէ կետ, որը չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այստեղ կա այլ խնդիր. մարդկանց աչքին պարզապես անսովոր է այդ բոլորը գրված տեսնել իրենց Մայր օրենքում: Սակայն պարզ ճշմարտություն է, որ, վավերացնելով մի շարք փաստաթղթեր, մենք, միեւնույն է, պարտավոր ենք եղել պահպանել ու կիրառել այդ չափանիշները: Այսինքն՝ այդ ամենը, ինչ մեզ համար մինչ օրս պարտադիր էր, այսուհետ կարտացոլվի նաեւ գլխավոր օրենքում:
– Ձեր վերջին հարցազրույցում Դուք տեսակետ եք հայտնել, որ նախագծում թաքնված ականներ կան, ի՞նչն եք նկատի ունեցել:
– Նկատի ունեմ նախագծում տեղ գտած մի քանի ոչ հստակ ձեւակերպումները, տեխնիկական բացթողումները, որոնք կարող են որոշակի թյուրըմբռնումներ եւ տարբեր մեկնաբանություններ առաջացնել մարդկանց մոտ: Նման խնդրահարույց կետերի չշտկման դեպքում դրանք հետագայում կարող են վերածվել ականների: Հենց այդ նպատակով էլ մենք ներկայացրել ենք առաջարկություններ առանձին դրույթների վերաբերյալ, որոնք կհստակեցնեն, կպարզեցնեն մտահոգիչ բոլոր դրույթները:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09..2015