«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա ազդող շատ գործոններ կան: Այն, ինչ կատարվում է Ռուսաստանի հետ՝ մեզ վրա ազդելու է, որովհետեւ ինքը Մինսկի խմբի անդամ է եւ մեր ռազմավարական դաշնակիցը: Այն, ինչ կապված է ռուս-ամերիկյան հարաբերությունների կամ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետ, անպայման ազդելու է Ղարաբաղի խնդրի վրա»,- այս կարծիքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ պարոն Սաֆարյանի՝ Թուրքիայի շուրջ կամ նրա ներսում կատարվող իրադարձությունները նույնպես կարող են ազդել ԼՂ հակամարտության վրա. «Թուրքիան անցած տարի շահագրգռված էր, որ Հայաստանը մի փոքր այլ վիճակներում լինի ու չզբաղվի Ցեղասպանության ճանաչմամբ, իսկ հիմա գլուխը խառն է»:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի թեժացումը: Նա դա կապում է Քլինթոնի այցի օրակարգի հետ. «Ալիեւը կատաղած էր, որովհետեւ գիտեր օրակարգը: Թեման Սիրիան, թեման Իրանն էր: Այդ մարդը նեղված է, անընդհատ առավոտից երեկո բոլորի վրա մուննաթ է գալիս, որ դուք իմ խնդրի մասին մոռացել եք, Ղարաբաղի խնդրի մասին մոռացել եք, մտածում եք, որ սառած կոնֆլիկտ է, չէ սառած չի, տեսեք, թե հիմա ինչ է կատարվում: Սիրիայում մի հատ կոնֆլիկտի բռնկում տեսեք ոնց ազդեց մեզ վրա: Ալիեւը սրեց իրավիճակը: Նա հարցնում է, թե իմ խնդիրն արդեն մոռացվա՞ծ եք համարում: Իմ խնդիրն ավելի վաղ կար: Դուք իմ խնդրով չմտահոգվեցիք, չլուծեցիք ու հիմա սա՞ եք լուծում: Ու ինքը արեց դա»:
Անդրադառնալով սահմանային լարված իրավիճակում պետական մարմինների մամուլի ծառայությունների աշխատանքին, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նրանք խայտառակ ձեւով են աշխատում. «Անցած տարվա օգոստոսին բավականին բարդ էր հասկանալ ինչ է կատարվում: Ես, իհարկե, չեմ կիսելու այն հիմար միտքը, թե լրագրողները խուճապ են տարածում: Պետական մարմինները թող առաջին հերթին իրենց սխալների մասին մտածեն, նոր մեղադրեն լրագրողներին եւ մտածեն առաջին հերթին բաց աշխատելու մասին, որպեսզի լրագրողն ինքը չգնա հայթայթի ինֆորմացիա»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ