«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Արամ Կարապետյանը դեռ հույս ունի, որ ընդդիմությունը կմիավորվի
– Մեր նախորդ հարցազրույցում Դուք կանխատեսեցիք, որ սեպտեմբերին արդեն համաժողովրդական համախմբում կլինի սահմանադրական բարեփոխումների դեմ: Բայց ինչպես գործընթացներն են ցույց տալիս, «Այո»-ի ճակատում համախմբումն ավելի արագ ու սահուն է լինում, քան «Ոչ»-ի: Ավելին, «Ոչ»-ի տարբեր օջախներ կան, բայց համախմբման եզրեր դեռ չեն էլ երեւում:
– «Այո»-ի համախմբում ես չեմ տեսնում: Տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանը կուսակցություններին կանչում է իր մոտ, եւ ոչ մի միտք, թե ինչի՞ն են «կողմ» կամ «դեմ», այդ գնացողներից ո՞ր մասն է «կողմ», որը` «դեմ», չգիտենք:
– Հանդիպումներից հետո մարդիկ պատմում են, թե հանդիպումների ժամանակ ինչին են «դեմ» խոսել, ինչին` «կողմ», ինչից են դժգոհել, վերապահումներ արտահայտել:
Կարդացեք նաև
– Այսինքն՝ դուրս եկավ` համախմբում չկա: Ես չեմ լսել, որ մեկը գնա հանդիպի ու հանդիպումից հետո ասի, որ ամեն ինչ լավ էր, նորմալ էր: Բացի ՀՅԴ-ից՝ իհարկե: ՀՅԴ-ն առանց հանդիպման էլ էր կողմ: Այսինքն՝ համախմբում, որպես այդպիսին, չկա: Ես տեսնում եմ, որ գնում հանդիպում են, հետո այնպես են իրենց պահում, ոնց որ թե չեն հանդիպել, եթե ճիշտը խոսենք:
– Բայց բոլորը միանշանակ ընդունում են ու կարծես համակարծիք են, որ Հայաստանի հետ կապ չունեցող սահմանադրական բարեփոխումների օրակարգը այսօր կա, ավելին՝ քաղաքական թիվ մեկ հարցն է եւ անխուսափելի է:
– Չգիտեմ: Ինչքան ես եմ հասկացել՝ չեմ տեսնում, որ Սերժ Սարգսյանն ինքն այդ աստիճան «կողմ» է այդ ամենին: Սա ինձ համար հենց սկզբից է փաստ եղել: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ այդ սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի գլխին դարձել են պատուհաս:
– Ինչո՞ւ:
– Չորս տարի առաջ եվրաասոցացման գործընթացի ժամանակ խոստացել է, որ Սահմանադրությունը կփոխվի, ավելի կհամապատասխանեցվի եվրոպական, այսպես ասեմ, պատկերացումներին: Դա արեցին Մոլդովան, Վրաստանը, փորձեց անել Ուկրաինան: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնք եվրաասոցացվում էին:
Այն ժամանակ Հայաստանը գնում էր Եվրոպա, հիմա ԵՏՄ-ի մեջ է, եւ այս բարեփոխումներն աշխարհաքաղաքական իմաստով անիմաստ են: Ինչ վերաբերում է երկրի ներքին կյանքին, ապա եթե մեզ մոտ Սահմանադրությամբ է ամեն ինչ որոշվում` կյանքի որակը, ոճը, կառավարման համակարգը, ուրեմն ես գնամ ու դառնամ Սուրինամիի քաղաքացի: Մեզ մոտ Սահմանադրությունը եղած-չեղած` ոչ մեկի վեջը չի:
– Բայց գործընթացն ընթացքի մեջ է, իշխանությունն այն նախաձեռնել է եւ եկել հասել է մի փուլի, որը տրամաբանական ավարտ պիտի ունենա: Որոշ ընդդիմադիր ուժեր էլ փորձում են դեմ արտահայտվել` տարբեր օջախներով, ոչ միասնական:
– Եթե գործընթացն ամբողջ թափով գնա, եղած օջախները, որոնք բավական շատ են, ու ճիշտ է, որ դեռ համախմբված չեն, կհամախմբվեն:
– Դուք նրանց շարքերո՞ւմ կլինեք:
– Միանշանակ: Բայց լավ կլիներ, որ մեր ժամանակը, ռեսուրսները, որոնք վատնվել են այդ հիմարության դեմն առնելու համար, ավելի խելոք տեղ ներդնել ու օգտագործել: Բայց ինչ արած, ժամանակին Վոլտերն ասում էր` «գժերը քաղաքականության մեջ ավելի են կարեւորվում, երբ խելոքները գնում են նրանց ետեւից»:
Ճիշտ է, գործընթացը սկսվել է, բայց իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, դա պարզ երեւում է, ինչ-որ բաներ են մտածել-գրել եւ այլն: Իմ տպավորությամբ՝ Հայաստանում բարձրագույն իշխանության ներկայացուցիչները մի բան են մտածում: Ես շատ տոլերանտ ու բարի մարդ եմ, Աստված էլ իրենց երկար կյանք տա, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն ուզում են իրենց պաշտոնին մահանալ: Հարսանիքի ժամանակ մեկ-մեկ լինում է չէ՞, որ ամենաթեժ պահին մեկը գտնվում է, որ ասում է` ինձ մի հատ լա՜վ քաղցր չայ բերեք: Այլապես` աշխարհաքաղաքական ծանր վիճակ, տարածաշրջանային լարված ու պայթյունավտանգ վիճակ, տնտեսական անելանելի վիճակ, որ արդեն Պուտինն էլ է ասում` չգիտեմ, ի՞նչ պետք է անել, ու Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09..2015
Այս մեկ մարդ ունեցող ԻԲՐ կուսակցության ինչո?ւ է Առավոտը այսքան շատ տեղ տալիս:
Հարցը ուղղում եմ գլխավոր խմբագրին: