Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում գյումրեցիները նորից ոտքի կկանգնեն

Սեպտեմբեր 14,2015 14:00

Հոսանքի թանկացման դեմ պայքարող
տնտեսագետ Կարեն Պետրոսյանի մեկնաբանությունը

Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համբերատարությամբ կսպասեն աուդիտի արդյունքներին: Եթե արդյունքը չեղավ արժանահավատ, անմիջապես ոտքի կկանգնեն: «Ժողովուրդը հաղթե՞լ է, թե՞ պարտվել, ամեն դեպքում արձանագրել է հետեւյալը. մեզ համար այս պահին կա հաջողություն, որ քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու: Այս պահին որեւէ ազդակ չկա, որ սակագինը բնակչության համար բարձրանալու է: Այո, կարծում եմ, որ կառավարությունը օգտագործեց նորից բյուջետային միջոցներ, որովհետեւ այդ հիդրոէլեկտրակայանի վաճառքը եւս պետք է ներառվեր բյուջետային եկամուտների մեջ: Հետեւաբար այն խոստումը, որ բյուջետային եկամուտներից չի վճարվելու, այդ խոստումը խախտվել է: Այսինքն՝ խոստում տվողը ստել է կամ չի կարողացել իրականացնել: Ես կարծում եմ, որ մեր հիմնական գործողությունները կսկսվեն այն պահին, երբ որ բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա: Ավելին ասեմ՝ իշխանությունները պետք է շատ ջանան, որպեսզի իրենց կողմից իրականացված աուդիտի արդյունքները բնակչության համար լինեն արժանահավատ: Մենք ավելի շատ ակնկալում ենք, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ այդ արժանահավատությունը կապահովեն: Եթե արժանահավատ լինի, վստահ եմ՝ մարդիկ մեծամասամբ կընդունեն: Այսինքն՝ այստեղ հավատքի խնդիրն է, որ մարդը իրեն խաբված չզգա աուդիտի արդյունքներից, ու չնայած նյութականը շատերի համար էական է, բայց էլ ավելի կարեւոր է հերթական անգամ խաբված չլինելու զգացումը»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

Մեր հարցին՝ եթե լինեն մարդիկ, որոնք պարզեն, որ օգոստոսին սպառած հոսանքի վարձավճարը արդեն իսկ թանկ գներով են հաշվել, այդ դեպքում է՞լ պիտի սպասեք աուդիտի արդյունքներին, տնտեսագետը պատասխանեց. «Եթե թանկացված լինի, կարծում եմ, որ Հայաստանի բոլոր պահանջատեր ու գիտակից քաղաքացիները, ինչպես որ միահամուռ ոտքի կանգնեցին, այս անգամ եւս միակամ ոտքի պետք է կանգնեն, դեմ լինեն այդ թանկացմանը, որովհետեւ ինձ համար գոնե՝ անկախ աուդիտի արդյունքից, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չհիմնավորված է: Ավելին՝ այդտեղ լուրջ ֆինանսական մեքենայություններ են եղել եւ ահռելի գումարներ են յուրացվել: Հենց որ այդ յուրացնողները պատասխանատվության կանչվեն, վնասները փոխհատուցեն, աուդիտի արդյունքները կարող են արժանահավատ լինել, բայց քանի դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել մինչ օրս առաջացած էներգետիկ ճգնաժամի համար, աուդիտի արդյունքում արժանահավատություն ապահովել շատ դժվար է լինելու իշխանավորների համար: Այստեղ էլեկտրաէներգիայի խնդիրը չէ միայն, այստեղ պահանջատեր մարդ կամ երկրի քաղաքացի, բառի բուն իմաստով քաղաքացի լինելու մեջ է: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց վերագրված հավելյալ պատասխանատվության դեմ պետք է ոտքի կանգնեն»:

Ըստ մեր զրուցակցի՝ եթե փոքր ու միջին ձեռներեցներն էլ ժամանակին միանային իրենց պայքարին, ընդդիմանային, ապա այսօր նրանց համար սակագինը չէր բարձրանա: «Ամեն մի փոքր ու միջին ձեռներեց իրեն հարց պետք է տա, որ այն ժամանակ ակտիվորեն չէր մասնակցում քաղաքացիական անհնազանդության, քաղաքացիական բոյկոտի գործողություններին: Հիմա ինքն իրեն պիտի հարց տա՝ արդյոք եթե այն ժամանակ մասնակցեր, իր շրջապատը մասնակցեր, իր շրջապատի շրջապատը մասնակցեր, ինքն այսօր հավելյալ գումարը կվճարե՞ր, թե՞ չէ: Մենք չենք ուզում պատասխանատվություն կրել մեր, մեր շրջապատի համար, բայց ուզում ենք, որ մեզ համար ամեն պայման իդեալական լինի: Սովորաբար այդպես չի լինում այս աշխարհում, որեւէ երկրում իշխանությունը միշտ ուզում է իր լիազորություններն ավելացնել ժողովրդի նկատմամբ, ժողովուրդն էլ ուզում է իր սահմանադրական իրավունքը պահպանել, այն է՝ իշխանությունը պատկանում է իրեն»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930