Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նոր ժամանակներ

Սեպտեմբեր 14,2015 12:00

Ընդամենը քառորդ դար առաջ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը հաղթանակեց, եւ «Ղարաբաղ» կոմիտեն ու ՀՀՇ-ն իշխանության եկան: Հակված ենք հավատալ «Ղարաբաղ» կոմիտեի լիդերների այն հավաստիացումներին, որ Շարժման սկզբնական շրջանում իրենք միայն Ղարաբաղի մասին էին մտածում եւ իշխանության գալու նպատակ ու մտադրություն բացարձակապես չունեին:

Այնուհետեւ, դեպքերի բերումով, Ղարաբաղյան շարժումը վերաճեց Անկախության շարժման, եւ Հայաստանն անկախացավ: Սկզբնական շրջանում Հայաստանի անկախության գաղափարի հիմնական մունետիկներն ու ջատագովները, բնականաբար, խորհրդային տարիների հայ քաղբանտարկյալներն էին՝ Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ: Բայց, ի տարբերություն Գամսախուրդիայի ու Էլչիբեյի, Հայաստանում Հայրիկյանը նախագահ չդարձավ՝ ոչ միայն իր քաղաքական անիրատեսության պատճառով, այլեւ ու հիմնականում այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն Հայաստանի ընդդիմության անվիճելի լիդերները «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն, անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու անձամբ Վազգեն Մանուկյանն էին, որոնք արդեն նմանապես քաղբանտարկյալներ էին եւ ԽՍՀՄ-ի անակնկալ փլուզումից հետո միանգամայն իրատեսորեն մտածում էին իշխանության եւ իշխանության գալու մասին եւ արդեն ոչ պակաս անկախական էին, քան Հայրիկյանն ու հայրիկյանականները:

Եթե այս ամենին գումարենք նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ լիդերների ճարտասանական շնորհքն ու կազմակերպվածությունը, միանգամայն հասկանալի կդառնա, թե ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Նրանց իշխանության գալու լիքը այլ պատճառներ էլ կային, բայց մեր նպատակը ոչ թե դրանք նշելն է, այլ հիշեցնելը, որ Հայաստանում առ այսօր նրանք միակն են, որ իշխանությունը նվաճեցին ներքեւից՝ հեղափոխական ճանապարհով: Եվ, դրանից էլ բացի, Հայաստանում ՀՀՇ-ն միակ ընդդիմությունն էր, որին հաջողվեց իշխանության հասնել:

Այսուհանդերձ, ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային ոչ բոլոր հանրապետություններում ընդդիմության ներկայացուցիչները հաղթեցին: Նազարբաեւին, Կուչմային ու էլի ոմանց հաջողվեց իրենց անձնական իշխանությունը պահել ու պահպանել:

Նազարբաեւը միակն է, ում առ այսօր հաջողվում է իշխանությունը պահել: Չնայած Վրաստանում ու Ադրբեջանում էլ ընդդիմության ներկայացուցիչները հաղթեցին, այդուհանդերձ՝ որոշ ժամանակ անց ավագ Ալիեւն ու Շեւարդնաձեն վերադարձան իշխանության:

Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանում էլ Կարեն Դեմիրճյանը կարող էր վերադառնալ իշխանության, եթե, իհարկե, ընտրությունները չկեղծվեին, իսկ այնուհետեւ տեղի չունենար հոկտեմբերի 27-ը:

Շատերի տպավորությամբ՝ այո, նախագահի աթոռի համար պայքարում Քոչարյանը Կարեն Դեմիրճյանին ձայների քանակությամբ զգալիորեն էր զիջում, մինչդեռ երկրորդ փուլ էլ տեղի չունեցավ, որովհետեւ երկրորդ փուլում Քոչարյանի համար շատ ավելի դժվար էր լինելու: Հետագայում արդեն նույն Քոչարյանը երկրորդ փուլի հնարավորություն տվեց Ստեփան Դեմիրճյանին, որովհետեւ այս դեպքում պատկերացնում էր երկրորդ փուլում իր հաղթանակը: Երկու դեպքում էլ հաղթեց նա, ով էդ պահին իշխանության ղեկին էր: Եվ ընդհանրապես՝ Հայաստանի նախագահի բոլոր ընտրություններում նախագահի աթոռը բաժին է հասել նրան, ով էդ պահին իշխանության ղեկին է եղել: Եվ ինչքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդարանա, թե Ռոբերտ Քոչարյանին ինքը ոչ թե նախագահ է դարձրել, այլ ընդամենը վարչապետ, հասկացողները հասկանում են, որ արդեն Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի նախագահ «ընտրվելն» ընդամենը տեխնիկայի հարց էր:

Փաստորեն, Տեր-Պետրոսյանը սկիզբ դրեց Հայաստանում իշխանության փոխանցման ավանդույթին, որը շարունակեց Քոչարյանը՝ իշխանությունը հանձնելով Սերժ Սարգսյանին: Կշարունակի՞ այդ ավանդույթը ներկայիս նախագահը, թե՞ սահմանադրական փոփոխությամբ միանգամայն նոր ավանդույթի սկիզբ կդնի՝ ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է Քոչարյանին, Քոչարյանն էլ է նոր ավանդույթի հիմնադիր հանդիսանում. նա պալատական ինտրիգների միջոցով բարձրագույն իշխանության հասնելով՝ փաստորեն վերջ տվեց Հայաստանում հանրահավաքների ու ժողովրդի միջոցով իշխանության հասնելու ավանդույթին: Բայց Ռոբերտ Քոչարյանը միանգամայն այլ նոմինացիայով կարող է Գինեսի ռեկորդների գիրք մտնել. նա, կարծում եմ, աշխարհում միակն է, ով հաջողացրել է երկու տարբեր երկրների նախագահ դառնալ: Դա, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, որին արժե առանձին ու մանրակրկիտ անդրադառնալ:

Այս պահի մեր ասելիքն այն է, որ Հայաստանում Քոչարյանն առաջինը հասկացավ, որ անցել են հանրահավաքներով իշխանություն վերցնելու ժամանակները:
Այլ հարց է, որ ժամանակները կարող են վերադառնալ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հարգելի Ոսկան,

    1998-ին երկրորդ փուլ տեղի ունեցել է, և Քոչարյանը Դեմիրճյանին իբրև թե հաղթել է հենց երկրորդ փուլով:

Պատասխանել