Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյան. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթներում պարտվողներ չեն լինում»

Սեպտեմբեր 14,2015 12:30

Ծաղկաձորում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին նախնական երկու փուլերում հաղթած 144, ինչպես նաեւ անվասայլակով հաշմանդամություն ունեցող 19 ընտանիքներ:

«Առավոտը» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին խնդրեց ամփոփել մրցույթի արդյունքները:

– Պարոն Ասրյան: Յոթնօրյա պայքարում որոշվեցին չորս տարիքային խմբերի վեց մարզաձեւերում հաղթողները եւ մրցանակակիրները, իսկ թիմային պայքարում լավագույն եռյակը կազմեցին Երեւանը, Շիրակի եւ Կոտայքի մարզերը: Մրցույթը ծառայե՞ց նպատակին:

– Նախ, «Լավագույն մարզական ընտանիքը» զուտ մրցույթ չէ: Այն Հայաստանում եւ Արցախում կազմակերպվող ամենամասսայական մարզական միջոցառումն է, որի շարքերը տարեցտարի ստվարանում են: Այս յոթ օրերի ընթացքում թեժ մրցակցություն էր ծավալվում: Ընտանիքները պայքարում էին ամեն մի սանտիմետրի ու վայրկյանի համար: Այսօր կլինի «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլի փակման արարողությունը, որին ներկա է լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա 1-3-րդ տեղեր գրաված բոլոր տարիքային խմբերի, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքներին կպարգեւատրի, համապատասխանաբար, 500, 400 եւ 300 հազարական դրամով, հավաստագրերով եւ փափուկ խաղալիքների տեսքով նվերներով: Գավաթներով կպարգեւատրվեն նաեւ ընդհանուր թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը 100 հազարական դրամով կպարգեւատրի ըստ առանձին մրցաձեւերի բոլոր տարիքային խմբերի եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների հաղթողներին: Ավանդույթի համաձայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազարական դրամով կխրախուսի չորս տարիքային խմբերի եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին:

– Առաջին փուլից սկսած, «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթին մասնակցել է 2065 ընտանիք, յուրաքանչյուրը երեք անդամով: Եզրափակչի իրավունք նվաճել է 144-ը, որոնցից միայն հաղթողներն ու մրցանակակիրներն են պարգեւատրվելու:

– Եթե նկատի ունեք գումարային մրցանակները, նախնական փուլերում էլ աչքի ընկած ընտանիքները դրամական խրախուսանք ստացել են: Բայց եթե անկեղծ լինենք, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթներում իրականում պարտվողներ չեն լինում: Այս մրցույթի գերնպատակները գումարային չեն: Առաջին գերնպատակը հայոց ընտանիքներում առողջ ապրելակերպն արմատավորելն ու տարածելն է: Մարդու առողջությունը գերագույն արժեք է ու այն գումարային եւ իրային ոչ մի չափորոշիչով գնահատել հնարավոր չէ: Այն 2065 ընտանիքները, որոնք այս մրցույթին մասնակցելու համար վեց-յոթ ամիս մարզվել են, գիտակցել են չէ՞ պայքարի փուլերից մեկում դուրս են մնալու: Բայց այդ ընտանիքները մարզվել են, անգամ հատուկ մարզիչներ են վարձել: Չեմ կարծում, որ ամիսներ շարունակ կանոնավոր մարզված ընտանիքները հեշտությամբ կհրաժարվեն իրենց առօրյա մուտք գործած առողջ ապրելակերպից ու ֆիզկուլտուրայով զբաղվելուց: Այ, սա է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի էությունը, որին, վստահաբար կարող ենք ասել՝ հասել ենք ու շարունակելու ենք առաջ ընթանալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930