Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդս կրել է, ես պարտվել եմ». գործող գյուղապետին ձայն չեն տվել

Սեպտեմբեր 14,2015 09:20

ՀՀԿ-ական համայնքապետերը խրախճանքի մեջ էին՝ ընտրությունները մեզ համար նման են եղել տոնի:

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 13-ին Արագածոտնի,Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եղել:

Արդեն որոշ համայնքներում ամփոփվել են արդյունքները: Ընտրություններում հաղթած ՀՀԿ-ական թեկնածուները խրախճանքի մեջ էին: Aravot.am-ը զրուցեց Արմավիրի մարզի Տանձուտ, Նոր Կեսարիա, Զառ համայնքների ղեկավարների հետ: Նոր Կեսարիա համայքում առաջադրվել էին 2 ՀՀԿ-ական՝ գործող գյուղապետ Հրայր Գալստյանը, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, եւ ինքնառաջադրված ՀՀԿ-ական Վասիլ Խաչատրյանը: Հրայր Գալստյանը տեղեկացրեց, որ ինքն է հաղթել. «Ես ունեցել եմ 574 ձայն, իմ մրցակիցը՝ 264 ձայն»: Մեր հարցին՝ ընտրություններում խախտումներ արձանագրե՞լ եք՝ գյուղապետը պատասխանեց. «Վայ, ոչ մի խախտում, ոչ մի: Ընտրությունները մեզ համար նման են եղել տոնի: Մարդիկ ուրախ-զվարթ եկել քվեարկել են»:

Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում նույնպես հաղթել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Մխիթար Պետրոսյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթել է 547 ձայնով, իսկ մրցակիցը՝ 350 ձայն է ստացել:

Կոտայքի մարզի Զառ գյուղում արտառոց արդյունք է եղել՝ գործող համայնքապետը պարտվել է: Ուշագրավ է, որ այս համայնքում առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:

Զառի գյուղապետը՝ Մուրադ Բաբախանյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ արդյունքներ են ստացել, միանգամից նշեց. «Հակառակորդս կրել է, ես պարտվել եմ»:

Նրա խոսքերով՝ «Մեզ մոտ բացառիկ բաներ հաճախակի են լինում, այնպես որ նորմալ է, որ համայնքի ղեկավարը պարտվում է: Ոչ մի խախտում չի եղել, լրիվ արդար էր: 1164 ընտրողից 807-ը մասնակցել են»: Թե ինչու են համայնքի բնակիչները ձայն տվել անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Լեւոն Խաչատրյանին, արդյո՞ք այս տարիներին  գյուղապետը չի արդարացրել բնակիչների հույսը՝ պարոն Բաբախանյանը չգիտեր. «Համեցեք, մեր համայնքի բնակիչներին հարցրեք, թող իրանք ասեն, խի՞ ես ասեմ»:

Մեր հարցին՝ հե՞շտ եք պաշտոնից բաժանվելու, գյուղապետը պատաասխանեց. «Հո հավերժ չէի լինելու, պաշտոն էր, էլի: Ինձ համար ավելի հանգիստ է, որ հանգիստս վայելեմ, 55 տարեկան եմ, ի՞նչ վատ է, որ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930