Արարատում նշվեց Խաչվերաց տոնը
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Արարատ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի բնակիչները միասին նշեցին եկեղեցական տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Տոնի խորհուրդը՝ խաչի քարոզչություն իրականացնելու եւ առաքելական եկեղեցու հետեւորդներին համախմբելու գաղափարը Արարատի սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանին էր: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմում է՝ միջոցառման գաղափարը անցած երեքշաբթի է հասունացել. «Անգամ կիրակի պատարագին, կարծես Աստված սուրբ հոգու միջոցով ինձ այդ գաղափարը փոխանցեց. քարոզի ժամանակ միտք եկավ, որ ես պետք է խաչի քարոզչություն իրականացնեմ: Երեքշաբթի օրը ես եկեղեցում խոկում ունեի, եւ արդեն այդ օրը ինձ համար հստակ էր, որ ես պետք է քարոզչություն իրականացնեմ: Չորեքշաբթի օրվանից լծված եմ այս գործին»:
Եւ արդեն երեկ՝ շաբաթ երեկոյան, իր նախատեսածի համաձայն՝ տեր Դավիթը համախմբել էր տեղի բնակիչներին Արարատ քաղաքում նոր կառուցվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում, որտեղից էլ մեկնարկեց խաչով երթ՝ դեպի Արարատի սուրբ Հակոբ եկեղեցի՝ մոտ հինգ կիլոմետր ճանապարհ:
Երթին մասնակցեցին Արարատ քաղաքի քաղաքապետարանը եւ Արարատ գյուղի գյուղապետարանը՝ ղեկավար անձնակազմերով, տեղի զորամասը, հիվանդանոցը, մի շարք դպրոցներ, Արարատ քաղաքի մշակույթի տունը եւ այլն: Խաչի թափորին միացել էր առաքելական եկեղեցու մոտ հազար հետեւորդ:
Կարդացեք նաև
«Ցանկանում էի խաչի քարոզչություն իրականացնել, որպես ժողովրդին իրազեկում: Գիտենք, որ այսօր Արարատ քաղաքը լցված է աղանդավորներով. այստեղ Եհովաների վկաների մի «թագավորություն» կա, մի աղանդավորական կառույց կա այգու մեջ, մեկը՝ քաղաքապետարանի դիմաց, շատ մեծ քարոզչություն են իրականացնում: Գիտեմ, խաբելով ծնողներին՝ երեխաներին տանում են ճամբարներ: Ես լավ գիտեմ, ծնողները զանգել, ինձ տեղեկացրել են, ասել են, թե ինչեր են այնտեղ անում: Ես էլ ասել եմ՝ թույլ մի տվեք, որ ձեր երեխաներին տանեն, եթե զանգում, բողոքում եք: Այդ պատճառով հատկապես աղանդավորների դեմ փորձեցի խաչի քարոզչություն իրականացնել»,- ասում է տեր Դավիթ քահանա Սահակյանը:
Մեր զրուցակիցը նկատում է՝ քանի որ առաջին անգամն էր նման միջոցառում իրականացվում, բոլորը չէ, որ ընկալում էին դրա նշանակությունը. «Ճանապարհին ես նկատեցի, որ մարդիկ տեսնում էին թափորը, բայց չէին մոտենում: Ես ձեռքով նշան էի անում, թե եկեք, միացեք: Մարդիկ գիտեմ, որ մտածում են, որ պետք է անպայման հրավիրված լինեն, որ գան, մասնակցեն, բայց չեն ընկալում, որ եթե խաչի թափոր է գնում, հավատացյալ ժողովորուրդը գնում է, կարող են մոտենալ, եւ մտնել թափորի մեջ: Ես անգամ քարոզչություն էի իրականացնում, եկեղեցու երիտասարդական խումբը թերթոններ էր բաժանում տոնի մասին, որպես իրազեկում… Մարդիկ եղան, որ մեքենաների պատուհանները փակում էին, որ չտեսնեին, թե ինչ է կատարվում. կամ անհատավատներ էին, կամ աղանդավորներ, որ փորձում էին նման կերպ արձագանքել: Մեքենաների վարորդներ էլ կային, որ ազդանշաններ էին միացրել, փորձում էին խանգարել: Բայց մյուս տեսանկյունից, կարծում եմ՝ միջոցառումը հաջողվեց. առաջինը լինելով հանդերձ՝ այսքան մարդ միանգամից եկեղեցի բերելը, մոտ հինգ կիլոմետր ճանապարհ ոտքով, միասնաբար անցնելը, արդեն հաջողություն է: Այս անգամ եթե քաղաքապետը եկավ մոտ կիլոմետրուկես, հաջորդ անգամ վստահաբար չորս կիլոմետրն էլ կգա, կամ մյուսներն էլ՝ քաղաքի բնակիչները, եթե ճանապարհի կեսից հետ դարձան, հաջորդ անգամ մինչեւ վերջ եկեղեցի կգան, որպեսզի օրհնությունն ամբողջական լինի»,- ասում է նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ