Այսօր Արագածոտնի,Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Շիրակի մարզի Մարալիկում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Իշխող կուսակցությունը ներկայացրել է գործող քաղաքապետի՝ Արտակ Գեւորգյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն առաջադրել է Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ Արտակ Ավդալյանին:
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար իրար դեմ են դուրս եկել երկու ՀՀԿ-ական՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ Տավուշի կադաստրի պետ Վարուժան Ներսիսյանը, որին չի սատարել հարազատ կուսակցությունը, ինքնառաջադրվել է: Ընդ որում, թեկնածուների թիվը սկզբում 3-ն է եղել, երեքն էլ՝ ՀՀԿ-ական: «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի ղեկավար, ՀՀԿ-ական Արմեն Խաչատրյանը սկզբում ինքնառաջադրվել է, հետո հետ է վերցրել փաստաթղթերը:
Դիտորդական կազմակերպություններից մեկը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հահակոռուպցիոն կենտրոնը, Իջեւանի ընտրատեղամասերից մեկում արդեն խախտումներ է արձանագրել:
Կարդացեք նաև
41/2 տեղամասում ժամը 10:10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ անձը չպարզված տղամարդը ընտրատեղամասի մուտքի մոտ փող է փոխանցել ընտրատեղամասից դուրս եկող կնոջը: Այնուհետեւ, տեսնելով, որ իրենց նկատել են լրագրողը եւ դիտորդը, նրանք տեղափոխվել են 50 մետր այն կողմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ