Գյուղապետի թեկնածուն մերժել է ԱՄՆ տեղափոխվելու առաջարկը
Սեպտեմբերի 20- ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուն մեկն է ՝ ՀՀԿ կողմից առաջադրված, ՀՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանը: Վերջինս արձագանքեց Խաշթառակի ընտրությունների վերաբերյալ մեր հրապարակմանը, ասելով. «Ի սկզբանե Խաշթառակ համայնքի ղեկավարի 5 թեկնածու կար: Այդ մասին էին վկայում գյուղում տարածված խոսակցությունները: Սակայն այդ մարդիկ իրատեսորեն գնահատելով իրենց ընտրվելու հնարավորությունները, տեսնելով, որ շանսեր չունեն, չեն առաջադրվել, ոչ մեկը չմնաց»:
29-ամյա Ա. Վիրաբյանն ասաց, որ ինքն աջակցել է խաշթառակցիներին, այս տարի իր ղեկավարած, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնաֆերման 13 միլիոն դրամի անասնակեր խոտ է գնել Խաշթառակից , գյուղից 8-14 մարդ 2-3 ամիս աշխատել է այդ անասնաֆերմայում, ամսական մոտ 200 հազարական դրամ աշխատավարձ ստացել:
Ա. Վիրաբյանն ասում է, որ Խաշթառակում լավ են ճանաչում իրենց ընտանիքին,իր պապին,ով հարգված մարդ է, 45 տարի անասնաբույժ է աշխատել, հիմա առողջական խնդիրներ ունի: Գյուղապետի թեկնածուն հայտնեց, որ իր ընկերները իրեն ԱՄՆ-ում հիմնական բնակվելու առաջարկ են ներկայացրել, սակայն ինքը չէր կարող թողնել հայրենի գյուղը , անառողջ պապին եւ տեղափոխվել այնտեղ: Ա. Վիրաբյանն ասաց, որ ինքը Խաշթառակի հիմնախնդիրները լուծելու, գյուղի զարգացման ծրագիր ունի, որը մտադիր է իրականացնել սեպտեմբերի 20-ից հետո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ