«Ազգդ դարդի մեջ է, իսկ դու ինչ-որ սիմֆոնիաների մասին ես գրում», – կասեն առավել դարդոտված ընթերցողները: Բայց, որքան ինձ հիշում եմ (նաեւ անկախությունից առաջ), ազգս մշտապես դարդի մեջ է եղել: Առավոտից գիշեր այդ դարդի մասին մտածելը կամ գրելը միայն ավելացնում է այդ դարդի ծավալը:
Միանգամից ասեմ, որ 19-րդ դարում համերգի ժամանակ ընդունված էր ծափահարել մի քանի մաս ունեցող ստեղծագործության ամեն մասից հետո եւ նույնիսկ բեմ կանչել հեղինակին, եթե գործը հավանում էին: Հետո դա (կարծում եմ, իրավացիորեն) համարվեց սխալ եւ տգեղ, ստեղծագործության միասնականությունը խախտող, կատարողներին շեղող երեւույթ:
Ամռանը իտալական Ռավելլո քաղաքում սիմֆոնիկ համերգ էինք լսում: Թե՛ Բեթհովենի դաշնամուրային կոնցերտի եւ թե՛ նրա 3-րդ սիմֆոնիայի ամեն մի մասից հետո հանդիսատեսների մի մասը ծափահարում էր, մնացածը հայացքներով եւ «ֆշշոց»-ներով աշխատում էին դա կանխել: «Հետամնաց ժողովուրդ են, – ասացինք, – մեր հանդիսատեսին Լորիս Ճգնավորյանը վաղուց սովորեցրել է, որ պետք է սպասել ստեղծագործության ավարտին եւ հետո ծափահարել»:
Բայց վերջերս Երեւանում Զուբին Մեթայի ղեկավարած նվագախմբի համերգին Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարման ժամանակ պատմութունը կրկնվեց: Մասերի արանքում էլի լսվեցին բուռն ծափահարություններ: Կամ կարգն է փոխվել, կամ մեր հանդիսատեսի որակն է ընկել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ