Լրահոս
Օրվա լրահոսը

Թզով եւ մեղրով թխվածք

Սեպտեմբեր 13,2015 12:30

Ֆրանսիական «տարտ» կոչվող թխվածքները շատ բազմազան են, կարող են պատրաստվել ե՛ւ շերտավոր, ե՛ւ փխրուն խմորից, վրան կարող են դրված լինել եւ մրգեր, եւ ջեմ, եւ բանջարեղեն, եւ այլ լցոններ, կարեւորը, որ խմորի շերտը լինի բարակ եւ կարկանդակը լինի «բաց», այսինքն՝ վրայի շերտը խմոր չլինի:
Աշխարհի ամենահամեղ մրգերից մեկով՝ թզով, ուղղակի թագավորական «տարտ» է ստացվում: Եվ քանի դեռ թզի սեզոնը չի ավարտվել, առաջարկում եմ պատրաստել այս համեղ թխվածքը:

tzov-tart-1

Անհրաժեշտ մթերքները
Շերտավոր խմոր- 400 գրամ
Թուզ- 4-5 հատ
Որեւէ ջեմ- 2-3 ճաշի գդալ (ես վերցրել եմ 1 գդալ թզի եւ 2 գդալ ազնվամորու ջեմի խառնուրդ, սակայն էական չէ, թե ինչ ջեմ կվերցնեք)
Ձվի դեղնուց- 1 հատ
Մեղր- 3 ճաշի գդալ
Շաքարավազ- 2 ճաշի գդալ
Ընկույզ- 1 ճաշի գդալ (կարելի է վերցնել ցանկացած տեսակի ընկույզ՝ հնդկական, հունական, նուշ, կաղին եւ այլն, այս լուսանկարներում մայրու ընկույզ է)

Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը բացել գրտնակով: Կտրատեք ձեր ցանկացած եւ հարմար եղանակով, օրինակ, շրջանաձեւ, եւ դրեք ջեռոցի թավայի մեջ, որի վրա փռված է յուղաթուղթ (калька) : Կարող եք կտրել քառանկյուն, շեղանկյուն, եռանկյուն ձեւով, կարող եք մի մեծ շերտով անել եւ ոչ թե մի քանի մանր: Ստեղծագործեք:

tzov-tart2

Խմորի եզրերից 0,5 սմ տեղ թողնելով դանակով եզրագծեք խմորը՝ չհասնելով մինչեւ վերջ: Տես՝ լուսանկարում: Եզրագծից ներս եղած հատվածը պատեք ջեմով, իսկ եզրերը պատեք հարած դեղնուցով: Ներսի շրջանի վրա շարեք բարակ շերտատած թուզը, վրան լցրեք ընկույզը:Եթե ընկույզը խոշոր է, կարող եք կտրատել: Ամեն կարկանդակի վրա մի պտղունց շաքարավազ ցանեք:

tzov-tart3

tzov-tart4-

Պատրաստի կարկանդակները դրեք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցը: Մոտ 15 րոպեից ստուգեք կարկանդակների պատրաստվածության աստիճանը: Եթե խմորը բարձրացել է, թզերը մի թեթեւ թոշնել են եւ կարկանդակների եզրերը արդեն շառագունել են, ապա կարող եք անջատել եւ հանել ջեռոցից: Մատուցելիս վրան մեղր ցողեք: Շատ համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Ի դեպ, կարելի է նաեւ միկրոալիքային վառարանով տաքացնել մատուցելիս:

tzov-tart-5

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

12.09.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930