Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես մի տեսակ փակ եմ ապրում». Տիգրան Մանսուրյան

Սեպտեմբեր 12,2015 23:09

«Ես հիմա միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 11 տարի է՝ ինձ հետ չէ: Միասին Կոնսերվատորիա ենք ընդունվել, միասին՝ ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ կապույտ: Երաժշտագետ էր, բայց երբեք չփորձեց մանկավարժության ոլորտից դուրս գալ: Կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ գրախոսություններ գրել, բայց կարծում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու. մտածում էր՝ ինչ էլ գրի, ասելու են, թե նաև իմ կարծիքն է… Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, և երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի բանաստեղծություններից մեկի հիման վրա երգ գրեցի ու նվիրեցի նրան… Լավ կյանք ապրեցինք միասին»,- «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում սեպտեմբերի 12-ին կազմակերպված հանդիպման ժամանակ իր հիշողություններով ու մտորումներով կիսվեց Տիգրան Մանսուրյանը:

Մաեստրոն տարիներ առաջ ընկերություն է արել Սոս Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Մարտիրոս Սարյանի հետ. «Աստվա´ծ իմ, ի՜նչ ընկերություն էր… Սևակը շատ կռվարար էր, «պայթուցիկ», բայց և մեծ եղբոր պես էր: Իսկ Սարյանի հետ ավելի շատ պապ ու թոռան հարաբերություններ էին, քան ընկերական: Այդ ընկերությունը, որ ժամանակին կար, շատ բովանդակալից ու լեցուն էր: Եթե երիտասարդ տարիքում աչքի էիր ընկնում, անմիջապես արվեստագետների ընտանիք էիր մտնում: Հիմա ես մի տեսակ փակ եմ ապրում, բայց ունեմ շատ լավ ընկերներ. դրանք գրքերն ու ձայնապնակներն են»,- ասաց նա:

Տիգրան Մանսուրյանը գտնում է, որ հայ երաժշտությունը երկու թև ունի. մեկը ժողովրդականն է, մյուսը՝ հոգևորը. «Աղոթել երաժշտությամբ՝ նշանակում է ինքդ քո մեջ լինել… Ես Արթիկում եմ մեծացել: Իմ հին օրերի երգերը Շիրակի դաշտի երգերն են: Բացի թուրքական երգերից, բոլոր ժողովուրդների երգերը սիրում եմ. ականջս վիրավորում է թուրքերենը: Ինձ համար սրբության նման թանկ է Կոմիտասը: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը… Երգեր կան, որոնց մեջ այնքա՜ն լույս կա: Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ, որոնք արտասահմանում են կայացել, օրինակ՝ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը: Բայց չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Երբ հայրենադարձվում էինք Հայաստան, հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Չկարծեք, թե հեշտ էր այդ տարիներին ինտեգրվել Հայաստանում: Բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծու տվածն են: Մարդը պետք է չարչարանք էլ տեսնի: Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել. մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930