Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Չեմ ուզում գնանք այնտեղ, որտեղ մեզ ծեծելով կսպանեն» (տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2015 23:02

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  «Գլոբալիզացիայի  եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը. Հայաստանի եվրոպական հեռանկարները եւ քաղաքացիական հասարակության շարժումները Հայաստանում» թեմայով: Վերոնշյալ կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր խոսքում անընդհատ համեմատականներ էր անցկացնում Ռուսաստանի եւ  Եվրոպայի միջեւ:

Նա սկզբիցեւեթ բացման խոսքում նշեց, որ երբ խոսում են Ռուսաստանի մասին, ապա անպայման անդրադառնում են թալանին, կոռուպցիային, իսկ երբ խոսում են Եվրոպայի մասին, հաջորդ խոսքը լինում է  մարդկանց իրավունքների մասին հարցադրումները. դրանք ոտնահարվո՞ւմ են, թե՞ ոչ: Խոսելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ռիգայում մենք ստացանք ինչ-որ բան անելու շանսեր, որ մենք կարողանանք մատչելի ձեւով մեկնել Եվրոպա: Ռիգայի գագաթաժողովում ֆիքսված է, որ Հայաստանը իրավունք ունի սկսել օդային բանակցություններ եվրոպական կապի մեջ մտնելու համար: Ցավով եմ ասում՝ մինչեւ հիմա այդ բանակցությունները չեն սկսվել: Մենք մատչելի գներով կարող ենք միայն Ռուսաստան մեկնել, որտեղ կարող են ձերբակալել, ծեծել կամ  կարող են, ոնց որ Ռոստովում, սպանել: Սպանեցին, ծեծելով սպանեցին, հետո ասացին՝ խմած էինք, ի՞նչ  անենք: Ես չեմ ուզում այնտեղ գնանք, որտեղ կարող են խմած մարդիկ  մեզ ծեծել, ուզում եմ մատչելի գնով այնտեղ գնալ, որտեղ մեզ հետ  բանավեճ կանեն, գիտելիք կտան»:

Քննարկման ժամանակ  խոսք գնաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինից: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը անդրադարձավ Հայաստանում ձեւավորված քաղաքացիական շարժումներին, Հ/Կ-ներին: «Մենք կարծես թե նախաձեռնում ենք քայլեր դեպի ժողովրդավարությունը, բայց ժողովրդավարությունն այդպես էլ տեսանելի չէ Հայաստանում: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ ժողովրդավարության համար, առաջին հերթին քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացումը: Արդյո՞ք մենք կարող ենք այսօր խոսել ու ասել, որ Հայաստանում կայացել է քաղհասարակությունը: Միանշանակ՝ ոչ, բայց կարող ենք փաստել, որ արվում են քայլեր քաղհասարակության զարգացման համար, թերեւս՝ այո, բայց շատ դանդաղ»:

Պատգամավորը, անդրադառնալով ՀԿ-ներին, ասաց, որ հասարակության մոտ ՀԿ-ների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, ոմանք դրանք դիտարկում են որպես գրանտակեր կազմակերպություններ ու տարբեր մեղքեր են բարդում այդ կազմակերպությունների վրա: Իսկ մյուսները, ըստ պատգամավորի, գիտակցում են, որ տարբեր ոլորտներում կան կայացած ՀԿ-ներ, որոնցից շատերի աշխատանքն ավելի ակներեւ է, քան պետության կողմից ձեռնարկվող միջոցառումները: Նա անդրադարձավ նաեւ «ՀԿ-ների մասին» պատրաստվող նոր օրենքին:  Ու այս թեման շոշափելիս, հիշեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: «Ուզում եմ անդրադարձ կատարել  Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Ես, անկեղծ ասած, ունեմ մտավախություն, որովհետեւ այն աշխատանքները, որոնք 20-25 տարիների ընթացքում կատարվել են  քաղաքացիական հասարակության կայացման համար, իմ գնահատմամբ, Եվրասիական միությունում առավել դանդաղելու են: Իսկ առանձին դեպքերում նույնիսկ խոչընդոտվելու են, որովհետեւ մեկ տարի առաջ Ռուսաստանի դեսպանը բավականին անընդունելի հայտարարություն արեց՝  կապված Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների չարիք լինելու հետ: Իսկ սա արդեն իսկ անհանգստություն է առաջացնում»,- ասաց պատգամավորը:

Ստեփան Գրիգորյանն էլ ծաղրեց, թե՝ եթե մեծ ախպերը, բարեկամ երկրի դեսպանն է ասում, միգուցե փակե՞նք ՀԿ-ները: Պատգամավորն ասաց, որ ինքը պատասխանել է դեսպանին՝  նշելով, որ ՀՀ-ում ՀԿ-ները նպաստում են երկրի զարգացմանը ու այդ կառույցներին չարիք անվանելը ոչ միայն անընդունելի է, այլեւ չի բխում դիվանագիտական սահմանված նորմերից:

«Ի՞նչ կարող է լինել հետո, իմ մտավախությունն է, որովհետեւ Եվրասիական տնտեսական միությանը էդպես հապշտապ միանալով՝ անկեղծ ասած, ես կարծում եմ, որ իրական հաշվարկներ չէին կատարվել ինչպես տնտեսության ոլորտի վերաբերյալ, այնպես էլ տարբեր  կառույցների վերաբերյալ», -ասաց պատգամավորը:

Ստեփան Գրիգորյանն էլ, նորից համեմատելով Եվրոպան ու Ռուսաստանն, ասաց. «Այսօր միայն Եվրամիությունն է, որը փող է տալիս Հայաստանին, դժբախտաբար մենք էնքան պասիվ ենք, որ Միացյալ Նահանգները շատ քիչ է տալիս, իսկ Ռուսաստանը տանում է այստեղից փողերը: Այս խեղճուկրակ ազգի մեջ, այս խեղճուկրակ երկրում Էլեկտրացանցի պետը ունի 60 հազարանոց աշխատավարձ, մի խառնեք մեծ քաղաքների՝ Ստամբուլի, Մոսկվայի էլեկտրականության ծավալների հետ»: Բանախոսը նաեւ  հարցրեց՝ մի՞թե հայերը լինելով ինտելեկտուալ ազգ՝ չեն հասնում ղրղզներին: «Ես ռասիստ չեմ, ներողություն եմ խնդրում, բայց մի՞թե մենք, լինելով ինտելեկտուալ ազգ, չենք հասել ղրղզներին: Ղրղզ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, բայց մենք ինտելեկտով չե՞նք հասնում նրանց. ղրղզները մինչեւ  այսօր չեն մտել Եվրասիական տնտեսական միություն, էն որ ասում են մտել ենք, չեն մտել: Իրենք ասում են  կոմպենսացիա կտաս, կմտնենք, Ռուսաստանը 1 միլիարդ 200 հարյուրը տվեց, իրենք ասում են 2 միլիարդ էլ պիտի տաս, կտաս, նոր կմտնենք, ֆորմալ ստորագրել են, մենք չհասա՞նք էդ մակարդակին»: Ըստ Ստեփան Գրիգորյանի, պետք է  ճիշտ կողմոնորշվել՝ ուզո՞ւմ ենք գնալ դեպի կոռուպցիոն համակարգ, թե՞ այնտեղ, որտեղ կան խաղի կանոններ:

seminar

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930