Այսօր Լոռվա մարզի Օձուն համայնքում կայացավ «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային հանդիպում-փառատոնը, որին մասնակցում էին 15 համայնքներ՝ ներկայացնելով իրենց արտադրած բնամթերքը:
Փառատոնի նպատակը, ըստ կազմակերպիչների, վերարժեւորելն է Օձունի եւ հարեւան գյուղերի տեղական արտադրության մթերքները եւ պատմամշակութային ժառանգությունը:
Հայաստանում միջմասնագիտական հայկական միջազգային միության ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը լրագրողների հետ զրուցելիս՝ ասաց, որ այս փառատոնի շնորհիվ առաջինը՝ զարգանում է տուրիզմը, քանի որ մարդիկ գալիս են Օձուն ոչ միայն եկեղեցու համար, այլ նաեւ նրա համար, որ տեսնեն՝ այստեղ ինչով են զբաղվում մարդիկ, եւ երկրորդը՝ ունի տեղական ձեռներեցության զարգացման նպատակ՝ դեղաբույսերի հավաք, չորացում, վաճառք:
Կարդացեք նաև
Տարբեր համայնքներից այսօրվա փառատոնին բերել էին իրենց արտադրանքը՝ մեղվամթերք, սալոր, հոն, խաղող, վարունգ, լոլիկ , կոմպոտ, պանիր եւ նաեւ ձեռքի աշխատանքներ:
Փառատոնի մասնակից Մանե Լոնինյանը վաճառել էր վարունգ, սալոր, մեղր: Ըստ նրա, այս տարի, համեմատած անցած տարիների հետ, ավելի քիչ է առեւտուրը, իսկ փառատոնի մեկ այլ մասնակից՝ Միքայել Առուստամյանը, փառատոնին ներկայացնում էր մեղվամթերք: Նա նշեց, որ գոհ է այսօրվա միջոցառումից, քանի որ ներկայանում է հայկական տեսականիով:
Այս փառատոնի ժամանակ, բացի երգի-պարից, ինտելեկտուալ խաղերից, առանձնակի ուրախություն պարգեւեց լարախաղացի պատրաստած ծրագիրը:
Lրագրողների այցը Ախթալա կազմակերպել էր G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը`Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի եւ ՀՀ միջեւ ապակենտրոնացված համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ