Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բաղանիսից լրագրողը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 12,2015 20:30

Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ցույց է անցկացրել: Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղից լրագրող Աննա Սահակյանը ֆեյսբուքում կատարած գրառումներում քննադատական վերաբերմունք է դրսեւորել ցուցարարների հանդեպ, համերաշխություն հայտնել ոստիկաններին: Այդ պատճառով Ֆեյսբուքում նրա որոշ ընկերներ Աննային հեռացրել են ընկերների ցանկից:

Ա. Սահակյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, ուր անհանգստություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար: Նա մեզ է ուղարկել բաց նամակի տեքստը:

Նամակում նշված է. «Մեծարգո նախագահ, այն ինչ տիրում է մեր երկրում, բոլորիս անհանգստացնում է: Սահմանին լարված իրավիճակը,Բաղրամյան պողոտայի նստացույցը վերջնականապես խառնաշփոթի մեջ են գցել մի բուռ մնացած հայ ազգին: Ազգը բողոք ունի, կապ չունի՝ ո՞վ է կանգնած «բողոքի» ակցիայի քողարկված դիմակի տակ, բայց չէ որ նրանք պահանջ ունեն, իսկ այդ պահանջի արդյունքում մարդիկ են տուժում:

Երեկ երեկոյան գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որտեղ քննադատել եմ ոստիկանների հասցեին հնչեցրած հայհոյանքները՝ ցույցի մասնակիցների կողմից: Գիտակցում եմ,որ այդ ցույցն ինչ-որ մեկի հերթական մտահղացումն է, իսկ ակնկալիքն էլ՝ պաշտոնական աթոռ: Ախ այդ աթոռը,որն ընդամենը փայտ է, որը զրկում է հասարակությանը բարոյական արժեքներից, որը մարդուն թշնամացնում է սեփական երկրում՝ սեփական ժողովրդի դեմ:

Սահմանին լարված իրավիճակը չի մտահոգում նրանց, ովքեր «բողոքի ակցիա» են կազմակերպում: Անգամ մտքներով չի անցնում, որ հայ գյուղացին իր աշնան բերքը թողել է այգում, որովհետև այգին սահմանին է: Անգամ չեն մտածում,որ 5 տարեկան երեխան արդեն գիտակցում է պատերազմի վտանգը, հրետանու աղմուկից խուճապահար մտնում է ոչ թե տուն, այլ՝ խոնավ ապաստարան:

Ահա նման մի գրառման պատճառով իմ ֆեյսբուքյան որոշ ընկերներ, ովքեր Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցներ են, ջնջել են ինձ իրենց ընկերների ցանկից: Երբեք չէի մտածել, որ ցույցը կարող է ազդել ընկերական հարաբերությունների վրա: Եթե դեմ եմ հայհոյանքին, եթե դեմ եմ ազգը ծաղր ու ծանակի ենթարկելուն, դա չի նշանակում, որ ինձ այդ պայքարը չի հուզում: Պայքարը չունի գաղափար ու առաջնորդ, իսկ արդյունքում քաղաքացիները դուրս են գալիս ոստիկանների դեմ: Ոստիկանն իր ծառայությունն է իրականացնում, սակայն ակտիվիստը նրան թշնամի է համարում:

Մեծարգո նախագահ, ադրբեջանական մամուլն այս ակցիան իրենց հեռուստատեսությամբ ծաղրանքով է ներկայացնում, իբր հայը հայի դեմ է դուրս գալիս, իսկ հետո խոսում ժողովրդավարությունից: Խնդրում եմ կանխեք այս երևույթները:

Սահմանին տիրող իրավիճակն այն լուրջ հարցն է համազգային, որը պիտի քաղաքի բնակիչներին էլ հուզի: Ո՞ւմ բերանին են լեզու դնում, իհարկե՝ ազերու, ով վախկոտի պես տարիներ շարունակ դողացել է հայի առջև:

Հայ ոստիկանին պաշտպանելով, ինձնից հրաժարվեցին իմ որոշ ընկերներ, բողոքը քննադատելով՝ ինձ անվանեցին հասարակությանը դեմ: Մի՞թե ես նման եմ հասարակության դեմ խոսող մարդուն, երբ այդ հասարակության ներկայացուցիչներից մեկն էլ ոստիկանն է, ով անքուն ծառայություն է իրականացնում երկրում:Եթե հասարակության դեմ խոսող լինեի, ապա անքուն գիշերներ անց չէի կացնի սահմանապահ Բաղանիս գյուղում, երբ ազերին կրակի տակ էր պահում գյուղն օրեր շարունակ, իսկ ես իմ ավագ գործընկերոջ հետ սահմանային գյուղերին պատճառված վնասներն էի լուսաբանում: Այնպես որ իմ ցանկությունը մեկն է՝ տեսնել երկիրը խաղաղ ու համերաշխ:

Դուք կարող եք կանխել վտանգը, իսկ վտանգն անսպասելի է: Զայրացած ակտիվիստներն իրենց թույլ են տալիս անքաղաքավարի պահվածք, հայհոյանքներ են հնչեցնում: Դրանցից շատերն էլ տեղյակ չեն ինչի համար են հավաքվել: Օդում ծածանում են հայկական եռագույն,բայց իրենք ոստիկաններին են հրում, հայհոյում: Մի՞թե եռագույն դրոշն արժանի է, որ նման առիթներին ծածանվի:

Դուք եք տերն այս ժողովրդի, Ձեզնից են պահանջում երկրի բարելավում ու նստացույց կազմակերպում: Դուք պիտի դեմն առնեք , որ հասարակությունը չհայհոյի ու չվիրավորի օրենքի աշխատողին: Ոստիկանին դարձրել են չար կերպար ու վիրավորում են, բայց չէ որ ոստիկանն իր ծառայությունն օրենքով է կատարում: Իսկ այն լրագրողն, ով գնահատում է ոստիկանի աշխատանքն ու քննադատում է ակտիվիստին, ապա դառնում է հասարակության թշնամին: Մենք երկու թշնամի ունենք՝ թուրք և ազերի, ուստի մեր մեջ թշնամիներ չպիտի փնտրենք: Հարգարժան նախագահ, կանխեք այս երևույթները: Մենք ազգային լուրջ խնդիրներ ունենք,որոնք սահմանի հետ են կապված»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Խնդրում եմ «Առավոտը» բլոգնյուզ չսարքել։ Ամեն աղբ լուր չի։

    • Հ.Շ. says:

      եթէ իրօք ամէն աղբ լուր չլիներ,
      այսքան շատ չէինք լսելու Բաղրամեանը «ցուցարարների» մասին

      Հայոց Աշխարհում հազարաւոր լուրջ խնդիրներ կան,
      մինչ՝ Երեւանում խմբակ մը փողոցային երեխաներով են զբաղուած – եւ մեզ ել են զբաղեցնում – կարգ մը լրագրողներ, ամիսներէ ի վեր

  2. Մի քիչ շփոթալի է թէեւ այս նամակը,
    սակայն իր լայն գիծերով,
    լաւապէս կ’արտայայատէ համայն Հայութեան «լուռ մեծամասնութեան» մտածումներն ու զգացումները, զորս Աննան յանդգնութիւնը ունի անկեղծօրէն եւ հանրապէս արտայայտելու:

    Յուսադրիչ է տեսնել թէ այսպիսի հայորդիներ ալ գոյութիւն ունեն Մայր Հայրենիքում: Ուրեմն դեռ իրաւունք ունենք յոյս ունենալու:

    Ապրիս, Աննա:

    Այդ քո կորցրած, կարծեցեալ «ընկերները», փաստօրէն՝ իսկական ընկերներ չէին: Բարով երթան, դու լաւ ես ազատուել նրանցից:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

  3. հեսա քեզ կպատասխանեն…երկու օրինակով՝ մեկը քեզ,մյուսն էլ կտաս «Առավոտին»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930