«Վերջին դեպքերն էլ հստակ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված չէր, իսկ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ վասալական հարաբերությունների պարտադրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«Ամբողջ աշխարհում նոր տիպի էներգակիրներ են հայտնաբերվել, և դրանց գները կտրուկ անկման մեջ են, իսկ մեզ մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը,- ասում է Ա. Սադոյանը:- Գազը սահմանում 25 դոլարով էժանացել է, բայց բնակչության վրա դա չի տարածվում: Այդ գումարը գնում է «ՀայՌուսգազարդին», որն ամբողջությամբ ռուսական ընկերություն է: Սա արդեն բացարձակ գաղութացում է, որի դեմ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց քանի որ մեր քաղաքական ուժերն անընդհատ Կրեմլին նայելով են համարձակվում քաղաքականությամբ զբաղվել և անընդհատ սպասում են, թե Մոսկվան ինչ «դաբրո» պետք է տա, այդ պատճառով էլ արհեստականորեն լռում են: Հիմա էլ նոր թեմա են գտել՝ սահմանադրական բարեփոխումներ: Ջահելներին էլ խաբում-տանում են, որ ասեն՝ դեմ ենք:
Ա´յ հարգելի ջահելներ, դուք ի՞նչ գիտեք՝ Սահմանադրությունն ինչ է, որ հոդվածն ինչի մասին է: Չեք էլ կարդացել էդ անտերը, բա ո՞ւր եք թևերներդ քշտել ու «Դեմ ենք» շարժման մեջ մտել…
Իհարկե, այդ Սահմանադրությունը լուրջ թերություններ ունի (դրա բուն նպատակն այն է, որ այսօրվա իշխողներն այլ մեխանիզմներով իրենց իշխանությունը պահեն), բայց ունի նաև բավականին դրական կողմեր: Եթե դուք չեք համարձակվում պետության կառուցվածքի մասին խոսել, ինչո՞ւ եք ջահելներին «քշում» այդ գործի մեջ»:
Կարդացեք նաև
Ա. Սադոյանի ձևակերպմամբ` քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, որոնք վաղ մանկությունից փորձել են իրենց թագավոր պատկերացնել, միանձնյա իշխել. «Պատկերացրեք՝ մարդն ամբողջ կյանքում երազել է՝ այ որ դառնամ նախագահ, էս կանեմ, էն կանեմ… Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ եթե սահմանադրական փոփոխություններ լինեն, այդ նախագահը դառնում է զրո: Ստացվում է, որ նրա կյանքի նպատակը հօդս ցնդեց: Բնական չէ՞, որ նրանք պետք է դեմ լինեն դրան ու փորձեն նախագահական ինստիտուտը վերականգնել, որ իրենց մանկության երազանքներն իրականանան:
Հայաստանում միշտ բարձր կարգի իշխանավորները, այդ թվում՝ նախագահները, անընդհատ իշխանությունն օգտագործել են սեփական շահերի համար, և արդյունքում այնպես է ստացվել, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն այսօր միլիարդատեր է: Եվ քանի որ Քոչարյանը որոշել է հնարավորության դեպքում նորից վերադառնալ քաղաքականություն, դառնալ նախագահ, իսկ սահմանադրական բարեփոխումները դա թույլ չեն տա, «քսի է տալիս» ԲՀԿ-ին ու մյուսներին, որոնց «ջրերն է ընկնում» նաև ՀԱԿ-ը, ու բոլորը միասին բողոքում են…
Ռոբերտ Քոչարյանը որ գա, դառնալու է ոչ միայն Անգլիայի թագուհի, այլև մի բան էլ վատ: Բնական է, որ ասում է՝ ինչպե՞ս կարելի է այս Սահմանադրությունը փոխել, դեմ ենք: Ա՛յ ցավդ տանեմ, դու դեմ ես, որովհետև կյանքիդ նպատակն է, բա էն ջահելների՞ն ինչու եք ներքաշում խաղի մեջ, նրանք ի՞նչ մեղք ունեն: Բա էն Անդրեա՞սն ինչ է ուզում, մի հա՞տ էլ է հացադուլ ուզում հայտարարի»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ