Բելգիացի պատգամավորները տպավորված են բողոքի ակցիայով
Հայաստան ժամանած Բելգիայի պատվիրակության անդամները սեպտեմբերի 12-ին հանդիպեցին լրագրողների հետ: Պատվիրակության անդամ, Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի նախագահ Ժյուլի դե Գրոտը ասաց, որ կեսգիշերին պատվիրակության անդամները եղել են Բաղրամյան պողոտայում, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում:
«Իհարկե՛, մենք այստեղ չենք, որ որեւէ ձեւակերպում, առավել եւս գնահատական տանք այդ պահանջի վերաբերյալ, որովհետեւ մենք գիտենք, որ դա վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, բայց մենք էլ կզարմանայինք, որ հայկական որեւէ մի պատվիրակություն մեր ներքին գործերի առումով իրեն իրավունք վերապահեր որեւէ արտահայտություն անելու: Մենք բոլորովին պահանջի վերաբերյալ մեր գնահատականը չենք պատրաստվում տալ, սակայն ինքնին իրողությունը, այդ երիտասարդների հավաքը փողոցում մեզ շատ գայթակղեց: Եվ այս օրերին, երբ մենք գտնվում ենք Հայաստանում եւ Ղարաբաղում, մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ նախագահից սկսած պաշտոնատար անձանց հետ, եւ բացի այդ մենք տեսել ենք երիտասարդներին, տեսել ենք համալսարանում, տեսել ենք նաեւ շատ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեսել ենք ընդդիմությանը եւ հասկացել ենք, ինչ բարձր մակարդակի խոսքի ազատություն կա այստեղ: Երիտասարդները փողոցում պարում էին, երգում էին, բայց նաեւ ներկայացնում էին իրենց պահանջները, շատ ազատ եւ խաղաղ մթնոլորտ էր տիրում»,- ասաց նա:
Ժյուլի դե Գրոտը նշեց, որ իրենք այդ հարազատության զգացողություն են ունեցել. «Երբ մենք հանդիպել էինք նախագահին, եւ նա խոսեց այն մասին, որ 2013 թվականին Հայաստանը պետք է աներ այն, ինչ արեց ԵՏՄ անդամակցելու առումով, բայց միեւնույն ժամանակ Հայաստանը իր մեջ ներառել է, ինտեգրել է եվրոպական արժեքները: Մենք պետք է հասկանանք,որ եվրոպական արժեքները պետք է ապրեն ամեն օր, եւ երիտասարդների այս պահանջների ներկայացման ձեւը իրական եվրոպական արժեքների ամենօրյա կիրառումն է, կենսունակության ապացույցն է, որովհետեւ կան եվրոպական տեքստեր, բայց նույն եվրոպական կազմակերպությունները, օրինակ՝ Եվրոպայի խորհուրդի եւ Եվրոպական խորհրդի միջեւ եւս շատ մեծ տարակարծություններ կան ե՛ւ որոշ տեքստերի վերաբերյալ, ե՛ւ դրանց ձեւակերպումների վերաբերյալ, ե՛ւ պահվածքի վերաբերյալ, իսկ իսկական եվրոպական արժեքները, եւ Եվրոպայինն ինտեգրվելու, նրա հետ համագործակցելու այդ մեծ կամքը, որ այստեղ դրսեւորվում է, մենք դա տեսնում ենք, որովհետեւ եվրոպական արժեքները կենսաձեւ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ