Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողը նույն գիտելիքներով կարող է մի բուհում «գերազանց» ստանալ, մյուսում՝ «բավարար». ռեկտոր

Սեպտեմբեր 12,2015 16:31

«Կրթական համակարգում այսօր ամենաառաջնային խնդիրներից մեկը գնահատման համակարգի ճշգրիտ ձևավորումն է,- համոզված է Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը.- ուսանողը նույն գիտելիքներով կարող է մի բուհում «գերազանց» ստանալ, մյուսում՝ «լավ», երրորդում՝ «բավարար»: Կարծում եմ, որ այս հարցը պետք է վերանայվի և ճիշտ համակարգ մշակվի»:

Մյուս կողմից էլ գնալով իրեն ավելի զգացնել է տալիս արտասահմանում կրթություն ստանալու միտումը. «Ինձ մտահոգում է ոչ միայն ուսանողների, այլև առհասարակ մարդկային արտահոսքը: Տեսեք, ուղեղների արտահոսքին հաջորդեց գործարարների արտահոսքը: Գնում են այլ տեղերում իրենց գործունեությունը ծավալելու: Եվ, գիտեք, այդ մարդկանց մեղադրելը դժվար է, որովհետև ուզում են իրենց կարողություններն օգտագործել: Ուղղակի պետք է քաղաքականություն մշակել, պայմաններ ստեղծել, որ ցանկություն ունենան սեփական երկրում գործունեություն ծավալելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Աղաբաբյանը:

Դառնալով այս տարվա ընդունելության արդյունքներին՝ Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտորն ասաց, որ իրենց բուհն այս տարի շուրջ 150 դիմորդ է ընդունել՝ առկա և հեռակա բաժիններում. «Նախորդ տարվա համեմատ մի փոքր աճ կա, սակայն ընդունելության պիկը եղել է 2009-2010 թվականներին»:

Մասնավոր բուհ դիմելը Ա. Աղաբաբյանը պայմանավորում է հիմնականում ուսման վարձերի մատչելիությամբ:

Ինչ վերաբերում է պահանջված և ոչ այնքան պահանջված մասնագիտություններին, հիմնական միտումն այստեղ անփոփոխ է մնացել: Մասնավոր բուհերում էլ են շարունակում «նորաձև» մնալ տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները. «Որքան էլ զարմանալի է, ավելի քիչ են ընտրել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Պասսիվացել են նաև հումանիտար ուղղվածությամբ մասնագիտությունները»,- ասաց Ա. Աղաբաբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930