Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Չի կարելի էժանացնել բողոքն արտահայտելու հնարավորությունը»

Սեպտեմբեր 12,2015 16:15

ՀՀԿ-ական պատգամավորը «Ոչ թալանին»-ին լրջանալու կոչ է անում

«Մարդու իրավունքների տեսանկյունից ենք եթե նայում, նկատի ունեցեք, որ մարդու իրավունքները շատ բազմաձեւ են: Այո, երբ խաղաղ ցուցարարները փակում են Բաղրամյանը կամ որեւէ այլ փողոց, նրանք իրավունք ունեն իրենց բողոքն, իրենց ասելիքը արտահայտել նաեւ նստացույցի կամ այդ փողոցում, հրապարակում կանգնելու ձեւով: Դա նույնպես պայքարի ձեւ է եւ տեղավորվում է հենց իրենց իրավունքների շրջանակում: Բայց, մյուս կողմից, ոստիկանությունը նույնպես ունի իրավունքներ եւ պարտականություններ: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր պիտի դպրոց, աշխատանքի, հիվանդանոց գնան հատկապես այդ փողոցով, նրանք նույնպես ազատ տեղաշարժի իրավունք ունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը`պատասխանելով հարցին`լուսադեմին ոստիկանությունը հարկադրանքով Բաղրամյան պողոտայից հեռացրեց խաղաղ ցուցարարներին . մարդու իրավունքների տեսանկյունից անհամաչափ չէի՞ն ոստիկանության գործողությունները, քանզի ՀՀ սահմանադրությունը ՀՀ քաղաքացիներին իրավունք տալիս է խաղաղ հանարահավաքներ, տարբեր ակցիաներ իրականացնել:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, հիշեցնենք, երեկ կրկին փակել էին Բաղրամյան պողոտան`պայքարելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:

Ինչ վերաբերվում է բողոքի ակցիային, Մարգարիտ Եսայանի տպավորությամբ այն «տարօրինակ հանպատրաստից եւ օրվա հետ բացարձակ կապ չունեցող» էր. «Ջահելությունը`տարիքային գործոնը, կարծում եմ այստեղ մեծ դեր է խաղացել: Որովհետեւ, իմ կարծիքով, որքան հետեւել եմ, վատ կազմակերպված, անհաջող ցույց էր: Ես տեսա, որ ոստիկանները շատ ավելի շատ էին, քան ցուցարարները:  Նորից վեր կենալ եւ խոսել այդ խնդրի մասին հիմա, երբ կառավարությունը որոշ լուծումներ տվել է եւ դեռ փնտրում է, ինձ թվում է շատ անտեղի է: Ուղղակի անհասկանալի է: Երիտասարդները, եթե ինչ-որ տեղից ուղղորդվում են, ապա շատ ոչ բարի տեղից են ուղղորդվում: Ճիշտ կլիներ, որ երիտասարդներն իրենց ուժն ու հնարավորություններն օգտագործեն ավելի լրջորեն»:

Սոցիալական ցանցերից մեկում Մարգարիտ Եսայանը մի գրառում է կարդացել. այն շատ արդիական է թվացել պատգամավորին ու լրիվ համամիտ է. «Երբ կգա իսկական հեղափոխության ժամանակը, մենք չենք ունենա որեւէ գաղափար կրող, որը կանի այդ հեղափոխությունը»:

ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ չի կարելի այդքան էժանացնել հանրահավաքի, բողոքն արտահայտելու հնարավորությունները: Երեկվա ցույցը, պատգամավորի կարծիքով, էժանացնում էր այդ հնարավորությունները:

Մեր հարցին, չե՞ք կարծում, որ քանի դեռ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը վերջնական լուծում չի ստացել, ճիշտ են անում երիտասարդները, որ «ձեռքը պուլսին» են պահում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ: Ու դա լրիվ տեղավորվում է մարդու իրավունքների տրամաբանության մեջ: Բայց մեկ անգամ եւ ընդմիշտ եկեք հասկանանք, որ մայրաքաղաքի գլխավոր փողոցը փակելը արդեն շատ վատ ավանդույթ է դառնում: Բարեբախտաբար, փողոց փակելու այս գործընթացներում մեր ոստիկանությունը սովորեց ավելի պրոֆեսիոնալ աշխատել: Գիտեք, որ կոպիտ ուժի որեւէ գործադրում չի եղել, որեւէ ցուցարար մարմնական վնասվածք չի ստացել, ու դա գովելի է: Բայց բողոք արտահայտել, իհարկե կարելի է եւ հասարակության ներկայացուցիչները պարտադիր պիտի արտահայտեն իրենց դժգոհությունները, բայց ոչ մայրաքաղաքի հիմնական մայրուղին փակելով: Բողոք արտահայտելու բազմաթիվ ձեւեր կան: Կարծում եմ, մեր երիտասարդները շատ գրագետ են եւ ժամանակի ընթացքում կգտնեն այդ ձեւերը: Անընդհատ նույն բանն անելը ես բացատրում եմ իրենց անփորձությամբ: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մի քիչ լրջանան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930