«Տիգրան Քոչարյանն իրեն հռչակում է պետականամետ: Պետականամետն առաջին հերթին պետք է հասկանա, որ պետական կառույցները կարող են արդյունավետ գործել, եթե գործում են իրենց գործառույթների շրջանակներում»,- այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ տեղեկատվական ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանը օրերս ասել էր, թե այն ԶԼՄ-ն, որի տեղադրած տեղեկատվությունը բերել է կամ հնարավոր է բերի նրան, որպեսզի արյուն թափվի, զինվոր սպանվի, կամ սահմանամերձ գյուղի բնակիչ զոհվի, նրանով պետք է զբաղվի մեկ ծառայություն՝ դա Ազգային անվտանգության ծառայությունն է:
Ըստ պարոն Նավասարդյանի՝ եթե պետական մարմինները դուրս են գալիս իրենց իրավասությունների շրջանակներից, չեն կարող արդյունավետ գործել. «ԱԱԾ-ի համար հիմք պետք է լինի ոչ թե բովանդակությունը, որ տարածվել է լրատվամիջոցների կողմից, այլ դիտավորյալ մտադրությունը՝ ինչ-որ բան խառնելու, դավադրություն կազմակերպելու, խուճապ առաջացնելու համար»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ եթե ԱԱԾ-ն գտնում է փաստեր, որ ինչ-որ մեկը լրատվամիջոցին վճարել է, որպեսզի լրագրողը ինչ-որ փաստեր տարածի խուճապ առաջացնելու համար, դա իր գործառույթն է. «Բայց եթե ինքը զուտ բովանդակություն է նայում, տեսնում է ինչ-որ բան ասացին, որը կարող է խուճապ առաջացնել, բայց դրա հետեւում որեւէ հանցագործություն չկա, իր շրջանակների հետ կապ ունեցող օրենքի խախտում չկա, ինքը ընդհանրապես գործ չունի դրա հետ»:
Կարդացեք նաև
Պետական անվտանգությանը հետ կապ չունեցող օրենքների խախտումների դեպքերում, ըստ Բորիս Նավասարդյանի, պետք է այլ կառույցներ աշխատեն:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ