Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ պայքարը այո-ի պայքար է
«Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին»,- սեպտեմբերի 12-ին «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած «Ոչ»-ի համաժողովի ընթացքում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների նախագծով «Ունքը սարքելու փոխարեն, աչքն է հանվում». «Սերժ Սարգսյանի խնդիրը կա, ցավոք սրտի մեր երկրում նախագահական ընտրություններից հետո հսկայական տեղաշարժեր են եղել կառավարական համակարգում: Այդ խնդիրները լուծելու համար է իր իշխանությունը երկարացնելու քայլեր իրականացնում»:
Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը առաջին հերթին քաղաքական համաձայնությունների տեքստ է, իսկ այս դեպքում սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական համաձայնություն գոյություն չունի. «Հայաստանի խնդիրները հնարավոր չի լուծել առանց իշխանափոխության, առանց գործող ոչ լեգիտիմ իշխանության հեռացման, սահմանադրական փոփոխությունները հնարավոր չի լինի կասեցնել, եթե իշխանափոխություն չլինի: Մենք պետք է իշխանափոխություն իրականացնենք»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ «Ժառանգությունը» ողջունում է այս գործընթացը եւ լիահույս է, որ միասնական պայքարով է, որ հնարավոր կլինի հաջողության հասնել. «Հասարակությունը իսկապես չի ցանկանում մտնել այո-ի եւ ոչ-ի խնդրի մեջ, հասարակության համար միեւնույն են այս փոփոխությունները, հասարակության համար կարեւոր է իշխանափոխությունը»:
Նա ասաց, որ գործընթացում դրական երեւույթ է տեսնում՝ առաջին անգամ թեկնածուի շուրջ չէ, որ համախմբում պետք է ունենա: Նա կոչ արեց բոլոր առաջնորդներին. «Եթե նախկինում իրար դեմ պայքարել եք, դա թողեք ապագայի համար, հիմա միավորվենք, որից հետո ինչքան ուզում եք նորից իրար դեմ պայքարեք: Հասարակությունը պետք է մեր միասնականությունը տեսնի այս պայքարի գործում»:
«Մեր պայքարը ոչի պայքար չէ, ոչը ընդհանրական տեխնիկական բառ է, մեր պայքարը այո-ի պայքար է, այո՛ ՀՀ ապագային, այո մեր երկրում մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ այո՛ Արցախը ընդմիշտ ազատագրելուն»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ