Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Պողոսյան. «Երազում եմ՝ ՀՀ դպրոցներում լինի այնպիսի կապ, ինչպիսին կա Հարավային Կորեայում»

Սեպտեմբեր 12,2015 14:02

Սեպտեմբերի 11-ին Ծաղկաձորում տրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների եւ «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը:

Սեմինարը շարունակվում է, եւ սեպտեմբերի 12-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը  խոսեց «ՏՀՏ ներդրումը կրթության կառավարման եւ ուսումնական գործընթացներում» թեմայով ու ներկայացրեց արդյունքները:

Նրա ձեւակերպմամբ, ամենակարեւոր ձեռքբերումը վարկային ծրագրի շրջանակներում  Հայաստանի կրթական ցանցի ամբողջացումն է. «Կարողացել ենք վարկային միջոցներն օգտագործել եւ Հայաստանում ստեղծել հսկայական կրթական ցանց, որտեղ ներգրավված են Հայաստանի Հանրապետության  բոլոր դպրոցները եւ մոտ 20 նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ի դեպ, ոչ միայն վարկային միջոցներ են օգտագործվել, մոտ 300 դպրոց ցանցին միացվել է հենց ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ցանցի սպասարկումը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ինչը կազմում է տարեկան 800 մլն դրամ, որը բավականին մեծ գումար է, բայց ցանցն էլ  մեծ է ու շատ գործառույթներ ունի: Մենք ունենք ՀՀ դպրոցների համար  անվտանգ ինտերնետ, բացի դրանից ունենք մի համակարգ, որը հնարավորություն է տալիս Հայաստան ինտերնետ չմտնելու պարագայում ուսումնական հաստատություններին հասանելի դարձնել այն բոլոր կայքերը, որոնք տեղադրված են մեր կենտրոնական հանգույցում, էլեկտրոնային գրագրության համակարգն էլ կապ չունի արտաքին աշխարհի հետ: Սա վերաբերում է 1420 ուսումնական հաստատություններին՝ 18000 համակարգիչներով, 350 բաշխիչ ցանցերով»:

Արտակ Պողոսյանը պարզաբանում է, թե ինչու են  հրաժարվել USB մոդեմներով դպրոցներին ինտերնետ տրամադրելուց. «Մոդեմները ինտերնետ տեխնոլոգիա չեն, ընդամենը նախատեսված են ինտերնետում շատ փոքր, մակերեսային գործունեություն ծավալելու համար, եւ հետո այդ արագությունը հնարավորություն չի տալիս  նորմալ աշխատել ինտերնետում, մինչդեռ մենք դպրոցների համար ապահովում ենք առնվազն 2 մեգաբիթ/վրկ արագություն մարզերում, իսկ Երեւանում մեր առաջ խնդիր ենք դրել ապահովել առնվազն 8 մեգաբիթ/վրկ արագություն, բայց Երեւանի դպրոցների 40 %-ը մեր ցանցին միացած է օպտիկամալուխային կապով, ինչը հնարավորություն է տալիս առնվազն 20 մեգաբիթ/վրկ թողունակություն ապահովել, չնայած պայմանագրով նախատեսված է առնվազն 8»:

ԿՏԱԿ-ի տնօրենը երազանք ունի՝ ՀՀ բոլոր դպրոցներ մտնի այնպիսի կապ, որ կա Հարավային Կորեայում՝ 50 մեգաբիթ/վրկ արագությամբ: Նա նշում է, որ համայնքներ, որտեղ դեռեւս USB մոդեմներով ենք ապահովում կապը, բայց USB մոդեմը տվյալ պարագայում օգտագործվում է ընդամենը որպես կապուղի. «Ցավոք սրտի, մենք ունենք  վատ հարեւան ու կան տեղեր, որտեղ ցանց ապահովելու այլ տարբերակ չի եղել,  սակայն տեխնոլոգիաները զարգանում են եւ մինչեւ այս տարվա վերջ, օրինակ, Վայոց Ձորի մարզում մենք այլեւս չենք ունենա  խնդիր, USB մոդեմով մատակարարման հարց եւ արագությունը դպրոցների համար կլինի առնվազն 5 մեգաբիթ/վրկ` «Մեկ համակարգիչ՝ մեկ երեխային» պիլոտային ծրագրի շրջանակներում»:

Արտակ Պողոսյանը հայտնեց, որ իրենց իրականացրած մի ծրագրերից մեկի շորհիվ դպրոցներին հնարավորություն է տրվում 20 րոպեում կայք ունենալ: Նրանց տրամադրվում է օրինակը, որի վրա արվում է ցանկացած փոփոխություն : «Ցավոք սրտի, դպրոցները պասիվ են եւ չեն ստեղծում իրենց կայքերը, բայց հիմա կա օրենսդրական պահանջ, որը պարտադրում է հրապարակել դպրոցի ներքին գնահատման արդյունքները՝ կամ լիազոր մարմնի կայքում, կամ դպրոցի կայքում: Արդյունքում դպրոցները սկսել են ստեղծել սեփական կայքեր եւ արդեն մոտ երկու ամսվա ընթացքում 600-700 ուսումնական հաստատություն դիմել է ԿՏԱԿ-ին սեփական կայքը ստեղծելու համար: Ցավալին  այն է, որ կայքը ստեղծվում է ընդամենը այդ բաժինը ունենալու համար»,-փաստում է մեր ԿՏԱԿ-ի տնօրենը:

Արտակ Պողոսյանը նաեւ նշեց, որ դպրոցների 18000 համակարգիչների 30%-ը վերանորոգման կարիք ունի, ինչը դպրոցների բյուջեն թույլ չի տալիս:  Նման հնարավորություն այժմ տրվել է նոր վարկային ծրագրի շրջանականում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930