Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար»

Սեպտեմբեր 12,2015 13:29

Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի համախմբումը կարող է սկիզբ դառնալ դիմադրության համար

«Բացառիկ դեպքերից է, երբ ոչ-ն իր մեջ կրում է շատ դրական, շատ լուսավոր բովանդակություն»,- սեպտեմբերի 12-ին «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած «Ոչ»-ի ճակատի համաժողովի ընթացքում ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ համաժողովին հավաքվել են այն ուժերը, որոնք ընդունում են պատերազմի մարտահրավերը. «Մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Հերիք չի յուրացրել են իշխանությունը, այսօր ցանկանում են յուրացնել այն նաեւ սահմանադրորեն: Նման ճակատագրական պահերին գոյություն ունի երկու տարբերակ՝ կա՛մ դու հստակ ոչ ես ասում եւ պայքարում ես այս հրեշավոր ծրագրի դեմ, կա՛մ կամա թե ակամա դառնում ես այդ հրեշավոր ծրագրի իրականացման հանցակից: Երբ որ քեզ պատերազմ են հայտարարում՝ տարբերություն չկա՝ կռվում ես թշնամու ճակատում, թե թաքնվում ես մահճակալի տակ»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ Հայ ազգային կոնգրեսը չորս պատճառ ունի. «Առաջինը՝ Հայաստանում սահմանադրական ռեֆորմի համար չկա ո՛չ հասարակական պահանջ, ո՛չ անհրաժեշտություն: Բոլոր արատները կապ չունեն Սահմանադրության հետ, կապված են ընտրակեղծարարության, կոռուպցիայի, համատարած մենաշնորհի հետ, այդ ամենը շտկելու համար Սահմանադրությունը փոխելու կարիք չկա: Սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի համար երրորդ պաշտոնավարման արգելքը հաղթահարելն է:

Երկրորդը՝ իրականում ընտրվել է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման շատ խորամանկ ձեւ, այստեղ խորհրդարանական համակարգի քողի տակ իրականում ստեղծվում է մի համակարգ, որը, ըստ էության, չտեսնված համակարգ է խորհրդարանական պետությունների շարքում. թույլ նախագահ, որը չունի լիազորություններ, որը չի լինելու գերագույն գլխավոր հրամանատար, թույլ վարչապետ, գերհզոր Ազգային ժողովի նախագահ: Ամեն ինչ արված է, որ Սարգսյանը, ավարտելով նախագահի լիազորությունները, շարունակի միանձնյա իշխանությունը ԱԺ նախագահի պաշտոնում:

Երրորդը՝ նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար: Հպարտորեն հայտարարում են, որ ներմուծել ենք գերմանական մոդելը, մոռանալով նշել, որ դա պարտադրել են պարտված Գերմանիային՝ թույլ չտալու համար Գերմանիան միլիտարիզացվի, հիմա սա փաթաթում ենք մեր ժողովրդի վզին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամրապնդվի:

Չորրորդը՝ մենք ընդհանրապես մերժում ենք սահմանադրական կառավարման մոդելի փոփոխությունը: Կառավարման երեք մոդելներն էլ ժողովրդավարական մոդելներ են, լավ գործում են, երբ կա ազատ ընտրությունների ինստիտուտը: Չենք համարում, որ կա կատարյալ մի փաստաթուղթ, որը ենթակա չէ փոփոխությունների, կգա մի ժամանակ, որ բոլորս միասին կաշխատենք սահմանադրական փոփոխությունների վրա, կանենք այն ժամանակ, երբ վերականգնված կլինի ազատ ընտրությունների ինստիտուտը»:

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ քաղաքական ուժերը հավաքվել են համաժողովին մեկ հարցի շուրջ, թե ինչպես ոտքի հանել ժողովրդին եւ այդ հարցը պահանջում է պատասխան. «Ժողովուրդը ցանկանում է տեսնել քաղաքական ուժերի համախմբում, սա լրջագույն հիմք է ժողովրդի հավատը վերադարձնելու համար: Այս քայլը կարող է սկիզբ դառնալ դիմադրության համար»:

Նա ընդգծեց, որ համաձայնագիրը ոչ մի պարտավորություն, ոչ մի սահմանափակում չի ենթադրում քաղաքական ուժերի համար, քաղաքական ուժերն այն ստորագրելուց հետո պահպանելու են իրենց ինքնուրույնությունը. «Համախմբումը ժողովրդին ոտքի կանգնեցնելու միակ գործիքը չէ, մենք չենք կարողանալու ժողովրդին ոտքի կանգնեցնել, եթե ժողովուրդը կարծի, որ ընտրությունը երկու իրավաբանական տեքստի մեջ է: Ժողովուրդը ոտքի կկանգնի, եթե իմանա ընտրության է դրված մի հարց՝ ցանկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանը շարունակի իր թալանը, նվաստացումը: Այդ դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի եւ մենք կհաղթենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930