Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում գյումրեցիները երեկոյան ժամը 21-ից հավաքվել ու սպասում էին Լաս Վեգասում աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին:
Մինչ վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից կհասներ Գյումրի՝ հրապարակում փառաբանում էին նրան, ներկայացնում նրա գործունեությունը:
Կարդացեք նաև
Մոտ 2-2,5 ժամ անց Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ հրապարակ եկավ աշխարհի կրկնակի չեմպիոնը: Նրան դիմավորեցին որպես հերոսի՝ հրավառությամբ, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, բացականչություններով:
Այնուհետ շամպայն բացեցին ու խմեցին չեմպիոնի ու նրա հոր՝ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի կենացը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ պատմական օր է Գյումրիում, քանի որ Արթուր Ալեքսանյանը պարզերես արեց բոլորին՝ Հայաստանին ու Գյումրիին:
«Օլիմպիական չեմպիոն էլ կդառնաս, ճի՞շտ է Արթուր»,- բացականչում էր քաղաքապետը: Վերջինս այնպես էր ոգեւորվել, որ ամբողջ ընթացքում կանգնած տեղը պարում էր:
Իսկ հրապարակում հավաքված գյումրեցիները երգում էին. «Աշխարհը մերն ա»:
Այնուհետ սկսեցին պարել հաղթանակի պարը՝ քոչարին:
Այնուհետ ելույթ ունեցավ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որն ասաց, թե շատ հուզված է, չի կարողանում խոսել ու շնորհավորեց հայ ազգին հաղթանակի առթիվ:
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ, իր շնորհակալությունը հայտնելով չեմպիոնին, ասաց, որ նրա հաղթանակը դարձել է սովորական, բոլորը գիտեն, որ նա հաղթանակած է վերադառնալու:
«Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելուց է բացվում, մյուս անգամ, սիրելի Արթուր, քեզ այս նույն հրապարակում կդիմավորենք որպես օլիմպիական չեմպիոնի», -ասաց պատգամավորը:
Երկարատեւ, հոգնեցուցիչ ճանապարհից վերադարձած Արթուր Ալեքսանյանին գյումրեցիները հանգստանալու ուղարկեցին դհոլ-զուռնայով՝պայմանավորվելով, որ այս նույն հրապարակում նրան կսպասեն օլիմպիական խաղերց հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ