«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանին դեռ չի հաջողվել ոստիկանությունից ճշտել, թե քանի քաղաքացիների է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկել: Բայց նրա հաշվարկներով առնվազն երեսուն քաղաքացի կլինեն բերման ենթարկվածները:
Կարդացեք նաև
Ռիմա Սարգսյանն Aravot.am-ին պատմեց, որ ցույցի մասնակիցներից երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկը՝ Արթուր Քոչարյանը, նույնիսկ հիվանդանոց է տեղափոխվել. «Էլի կլինեն տուժածներ, որովհետեւ հրեշտակների գումարտակը հատուկ գործողություններ կիրառեց ու ոստիկաններով միանգամից եկան, քաղաքացիներին երկու մասի բաժանեցին, քաշքշում էին: Ոստիկանական օղակի մեջ մարդիկ ուղղակի խեղդվում էին: Մի քանի քաղաքացի բուժօգնություն ստացան հենց տեղում: Իսկ Արթուր Քոչարյանը բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոց տեղափոխվեց: Այս պահին Արթուրի վիճակը նորմալ է: Հրմշտոցի ժամանակ ոստիկանները նրան հարվածել ու վայր էին գցել, չէր կարողացել շնչել, շնչահեղձության, հետո սրտի հետ կապված խնդիր կար: Հիվանդանոցում զննել են, ասել՝ կոտրվածքներ չունի, արդեն տուն պետք է գնար»:
Նա նկատեց, որ ոստիկանները, երբ փողոցը բացեցին, սկսեցին բռնի ուժով նաեւ մայթի վրա կանգնած քաղաքացիներին բերման ենթարկել. «Ցույցը խաղաղ էր, տարածքը բաց էր, որովհետեւ մեքենաները նույնիսկ կարողանում էին անցնել: Մեր խաղաղ ցույցը երթեւեկությանը որեւէ կերպ չէր խոչընդոտում այդ պահին: Ոստիկանները բռնի ուժով, ապօրինի ցրեցին խաղաղ ցույցը»:
Ռիմա Սարգսյանը նախաձեռնության անելիքների մասին չխոսեց՝ ասելով, որ ավելի ուշ են քննարկելու անելիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ