Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը . Ինչո՞ւ են վեճերն անիմաստ

Սեպտեմբեր 12,2015 15:00

Ավելի լավ է, որ մարդիկ որքան հնարավոր է՝ տարբեր լինեն

Ցանկացած վեճի «իմաստը», իմ կարծիքով, հետեւյալն է. «ինչո՞ւ դու ինձ նման չես մտածում»: Երանգները կարող են տարբեր լինել՝ «ինչպե՞ս ես դու համարձակվում ինձ նման չմտածել», կամ՝ «որքան ցավալի է, որ քեզ նման, հիմնականում՝ ոչ վատ մարդը ինձ պես չի մտածում»: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ որեւէ վեճ՝ լինի այն քաղաքական ուժերի կամ ամուսինների միջեւ, ավարտվի կողմերից մեկի «կապիտուլյացիայով», եւ մեկն անկեղծորեն ասի՝ «լավ, համոզեցիր՝ դու ճիշտ էիր, ես՝ սխալ»: Ինձ, ճիշտն ասած, նման դեպքեր հայտնի չեն:

Վեճերը, հետեւաբար, անիմաստ են. դրանց արդյունքում ոչ մի ճշմարտություն էլ չի ծնվում: Փոխարենը ծնվում է մարդկանց օտարացում կամ առնվազն վատ, նյարդային տրամադրություն: Իսկ գուցե արժե՞ թույլ տալ, որ ամեն մեկն ի՛ր ձեւով մտածի եւ չփորձել համոզել կամ ստիպել որեւէ մեկին իր դիրքորոշումը փոխել: Ավելի լավ է՝ ասել քո տեսակետը, լսել ուրիշինը եւ իրար հաջողություն մաղթել: Անգլիացի գրող Չեսթերտոնը հօգուտ դրա բերում է եւս մի փաստարկ. «Ես, հավանաբար, կարող եմ մարդուն համոզել, որ ոչ մի նյութից չի կարող բանականություն ծնվել, եթե մենք վիճենք 40 տարի, բայց այդ ընթացքում կծնվեն բազմաթիվ նոր մատերիալիստներ, որոնց ես արդեն չեմ հասցնի ամեն ինչ բացատրել»:

Գուցե մարդկանց տարբերությունները, այդ թվում՝ աշխարհայացքի, դիրքորոշումների առումով, այնքան էլ վատ բան չե՞ն: Օգտագործելով նույն հեղինակի համեմատությունը՝ կարող ենք ենթադրել՝ երբ Աստված ասում էր առաքյալներին, որ իրենք երկրի աղն են, նա նկատի ուներ, որ աղը կարողանում է պահպանել այլ «մթերքներ», ասենք՝ միսը, բանջարեղենը: Նա չէր ասում՝ դուք ամենալավ միսն եք կամ ամենալավ բանջարեղենը, բայց դուք այդ ամենին ոչ միայն համուհոտ եք տալիս, այլեւ նպաստում եք դրանց երկարակեցությանը: Պետք չէ լինել ամենալավը, ամենաճիշտը, պետք է լինել ուրիշը:
Ստամբուլի օդանավակայանում կարելի է տեսնել ամենատարբեր տիպի մարդկանց, մասնավորապես՝ աղջիկների, որոնք կրում են զանազան հագուստներ՝ սկսած գերկարճ շորտերից, վերջացրած սեւ զգեստներով, որտեղից միայն աչքերն են երեւում: Ո՞րն է դրանցից ճիշտը, ո՞րն է «առաջադեմը», ո՞րը՝ «հետամնացը»: Ոչ ոք իրավունք չունի որոշելու: Ինձ համար կարեւոր է միայն այն, որ «շորտիկովն» ու սեւազգեստը չփորձեն իրար հետ վիճել, չփորձեն խոսել բացարձակ բարոյականության տեսանկյունից: Ցանկալի է, որ նրանք խաղաղ նստեն իրար կողքի եւ ուտեն իրենց «սենդվիչները»:

Ինչի՞ համար են մարդիկ վիճում: Նրա համար, թե ինչպես ՊԵՏՔ Է ԼԻՆԻ՞: Բայց ինչի՞ց ելնելով՝ պետք է լինի: Հավանաբար, ելնելով այն կրոնական, հասարակական կամ քաղաքական միավորի շաhերից, որոնք ես եմ ներկայացնում: Ի՞նչ է՝ բոլո՞րն են պարտավոր այդ շահերը հետապնդել: Ես կարող եմ ասել, թե ինչ եմ ես անում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդպես պետք է լինի, ու ուրիշներն էլ պիտի այդպես վարվեն:
Մարդիկ վիճում են նաեւ նրա համար, որ ցանկանում են փոխել դիմացինին, որպեսզի այդ դիմացինը, «համապատասխանելով ձեր պահանջներին», ձեզ երջանկացնի: Բայց նա, ում դուք վերահսկում եք, ում ենթարկում եք մանիպուլյացիաների, չի կարող ձեզ երջանկացնել: Նա կարող է ձեւականորեն կատարել ձեր պահանջները, բայց հոգու խորքում ձեր գաղափարակիցը բացարձակապես չլինել: Հատկապես դա վերաբերում է մեր երեխաներին, որոնց մենք, «իրենց շահերից ելնելով», ցանկանում ենք փոխել եւ պատրաստ ենք ժամերով վիճել, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Բայց այդ ամենն անիմաստ է. ուրիշներին փոխելու միայն մի ճանապարհ կա՝ երբ դու ինքդ ես փոխվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Նախ ասեմ, որ ըստ հանրահայտ ասացվածքի, չլինի վեճ՝ չի ծնվի ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ: Այսինքն ի՞նչ եք կարծում՝ չվիճելով ոչ մի բանի մասին, բոլորը կմնան իրենց կարծիքին ու երջանիկ կապրե՞ն… ՈՉ: Մի լավ լատինական ասացվածք էլ կա՝ ՛՛Ուշադրությու չդարձնելով վատերի վրա, մենք վնասում ենք ԼԱՎԵՐԻՆ՛՛…
    ցանկացած երկրում գործում են օրենսգրքեր, որոնք հստակ ասում են, թե այս կամ այն պարագայում ինչը չի կարելի և ինչքանով է դա պատժվում: Մարդկանց մեծ մասը այդ կանոններից աշխատում է չշեղվել, և այնքան էլ դրանից չի նեղվում, իբր՝ ես այլ կերպ եմ ուզում մեքենա վարել, կամ փող աշխատել: Բռնվելուց էլ ոչ ոք չի պատճառաբանում իր արարքը իր ճաշակով կամ նրանով, որ իր կարծիքով օրենքն է սխալ, իսկ ինքը՝ ճիշտ…
    Մնացած բոլոր ՝ օրենքով չկանոնակարգվող դեպքերի համար գործում են չգրված օրենքները, որոնք ԼԱՎ մարդկանց համար ոչ պակաս սրբորեն ենթակա են կատարման:
    Գրված օրենքների գերակայությունը ապահովելու և դրանց կարծրությունը ՛՛կոմպենսացնելու՛՛ համար ՛՛Տերերը՛՛ հորինել են տարբեր ՛՛ազատություններ՛՛, որոնք թույլ են տալիս խախտել չգրված օրենքները, և պատճառաբանել որ դա օրենքով իրեն հասնող ազատություն է, լավ է արել՝ արել է:
    Վեճերը հիմնականում այն պատճառով են լինում, որ տարբեր էշություններ ու անբարո քայլեր անելու ՛՛ազատություն՛՛ ունենալուց խելքները գցած որոշ ՛՛ազատատենչներ՛՛ շատ չոգևորվեն ու իրենց այդքան էլ ազատ չզգան: Բացի այդ՝ որպեսզի շրջապատի լռության մեջ այնպիսի կարծիք չստեղծվի, որ աշխարհն իրոք շուռ է եկել, և ճիշտը հիմա մի քանի հատ է:
    Հայրենիքի, ընտանիքի, ծնողների, ազնիվ գործընկերության, բարեկիրթ պահվածքի, կամ վայելուչ տեսքի մասին՝ մարդկությունը շատ վաղուց հորինել է դրանց ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ՝ կանոնակարգելով դրանք ոչ թե օրենսգրքերով, այլ հենց չգրված օրենքներով, իսկ այն մարդիկ, ում բնույթին հասու չէ, կամ ցանկալի չէ այդ չափանիշներով ապրելը, հորթային հրճվանքով իրենց անկատար ես-ը քողարկում են ազատականությամբ: Բայց դա ջայլամի էֆեկտ է՝ հասկացողը հասկանում է:
    Սա իմ անձնական կարծիքն է, և ես հենց այդպես էլ ապրում եմ: Ես ինձ ավելի ազատ եմ զգում՝ չենթարկվելով այդ ազատություններին, որոնցից ժամանակ առ ժամանակ նորերն են հորինվում և դրվում շրջանառության մեջ՝ հարուցելով իրենց ՛՛ազատ՛՛ երևակայող անազատների հորթային հրճվանքը: Ազատը ես եմ, քանի որ չեմ անում ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ էշություններ և եթե հարկ լինի, կարող եմ հենց ՏԵՐԵՐԻ գրած օրենքը խախտել՝ մարդկային օրենքը չխախտելու համար:
    Ով կարողանում է այդպես ապրել՝ նրան ուրիշ ազատություններ պետք չեն, իսկ ով չի կարողանում՝ դրանց հետ մեկ մեկ ՎԻՃՈւՄ ԵՆՔ, որ հանկարծ շատ կրկնելուց ինքները՝ իրենց ասածներին չհավատան…
    Հա, իսկ տան վեճերը միշտ ավարտվում են ոչ թե կապիտուլյացիայով, այլ համաձայնությամբ, և միշտ պետք է լինի վերջնական որոշում: Դա քաղաքականություն չի, այլ ընտանիք՝ միասնական ու նպատակների ընդհանուր տեսլականով, և դա էլ է գրված չգրված օրենքներում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930