Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի գործոնն արհեստականորեն է ներմուծվում»

Սեպտեմբեր 12,2015 14:30
Armen Martirosyan

Արմեն Մարտիրոսյանի պատասխանը
«Ոչ»-ի գործընթացը թերագնահատողներին

– Իշխող ՀՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ «Ոչ»-ի գործընթացն ազդեցություն չի կարող ունենալ սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցող հանդիպումներն, ըստ էության, փաստում են, որ գործընթացի շուրջ կոնսոլիդացիա կա, հանդիպում-քննարկումներին մասնակցող ուժերը, կառույցներն էլ հիմնավորում են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը: Ստացվում է, որ «Ոչ»-ի գործընթացն այս գլխի՞ց է դատապարտված:

– Իհարկե, իրենց այդ երկաթյա տրամաբանությունն իրականության հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ ինչպես իշխանությունները չունեն հասարակության ոչ վստահությունը, ոչ էլ համակրանքը, որը եւ արտահայտել են նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ այն ուժերին, որոնք հանդիպեցին, ցավոք, հասարակությունը կարծես միանշանակ չընդունեց:

Ցանկացած պարագայում, եթե մի տասնյակի չափ ուժեր հանդիպել են նախագահի հետ, կան ավելի շատ գրանցված քաղաքական ուժեր, որոնց հետ հանդիպում չի եղել: Ուրեմն՝ կոնսոլիդացիա չկա: Բայց իրենք կարող են անգամ ողջ քաղաքական դաշտին բերեն նստեցնեն Սերժ Սարգսյանի հետ` տարբեր միջոցներով, այդ թվում նաեւ գեղեցիկ գայթակղություններով, բայց դա չի նշանակում, որ այդ գործընթացը հասարակության կողմից ընդունվում է:

Իրենց արածը եթե հասարակության կողմից ընդունվեր, արտագաղթը Հայաստանում այսօր այդ տեմպերի չէր հասնի, ատելությունն իշխանությունների նկատմամբ այդ աստիճան չէր լինի: Հետեւաբար իրենց երկաթյա տրամաբանությունը բացարձակ կապ չունի հասարակության հետ: Իրենք ընդամենը քարոզչական հնարք են փորձում կիրառել:

– Այն ուժերը, որոնք փորձում են «Ոչ»-ի ճակատ ձեւավորել` «Ժառանգություն», ԱԻՄ, «Նախախորհրդարան» եւ այլն, ՀԱԿ-ը` առանձին, նույնպես հասարակության մոտ առանձնապես վստահություն չեն ներշնչում: Վերջին տարիների գործընթացներից տասնյակ օրինակներ կարելի է վկայակոչել:

– Ոչ: Նմանատիպ խնդիր գոյություն չունի: Այն, որ որոշակի խնդիրներ առաջացել են ընդդիմության եւ հասարակության միջեւ, դա այն պատճառով չի եղել, որ հասարակությունը տեսել է, թե ընդդիմությունն ինչքան վատն է, այս երկրի համար ինչքան վատ բաներ է անում, ինչպես է իր գրպանը մտնում, ինչպես է փայ մտնում, արդարադատությունը սպանում: Հասարակության դժգոհությունը միայն մեկ պատճառով է, որ ընդդիմությունը միասնական չի լինում եւ չի փորձում միասնական ճակատ ստեղծելով՝ պայքարել իշխանությունների դեմ:

Ընդդիմության նկատմամբ, համենայնդեպս, ատելություն գոյություն չունի՝ ի տարբերություն իշխանությունների նկատմամբ համատարած ատելության: Դրա համար, կարծում եմ, բացարձակ տեղին չէ համեմատությունը, եւ չեմ ընդունում այդ մոտեցումը: Այլ հարց է, որ ընդդիմությունն այսօր խնդիր ունի. պետք է կարողանան նեղ անձնական շրջանակից դուրս գալ, միասնական պայքար իրականացնել, որպեսզի հասարակությունը մասնակից լինի: Հակառակ պարագայում, ընդունում եմ, որ հասարակությունն անհաղորդ կլինի այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է երկրում: Ես խնդիրներն այդ դաշտում եմ տեսնում:

– Ամբիցիաները հաղթահարելու եւ միասնաբար հանդես գալու խնդիրը հերթական անգամ է կանգնած ընդդիմության առջեւ, եւ կարծես ականատեսն ենք լինում ամբիցիաների հերթական ցուցադրության, քանի որ «Ոչ»-ի տարբեր ճակատներ են ձեւավորվում:
– Կարծում եմ՝ դեռեւս վաղ է գնահատական տալը: Կան «Ոչ»-ի տարբեր օջախներ, եւ ես հույս ունեմ, որ մոտակա ժամանակահատվածում դրանք կմիավորվեն: Ուստի ժամանակից առաջ չընկնենք:

Ապա՝ սա իշխանության կերակրատաշտ չէ, որ բոլորը միահամուռ, միաձայն, միակերպ մոտենան հարցին, ռեսուրսների վերաբաշխում կատարեն միմյանց միջեւ: Ուզենք, թե ոչ՝ ընդդիմադիր դաշտը, ի տարբերություն իշխանականի, քաղաքական գործիչների միավորում է, ովքեր ունեն սկզբունքներ, եւ երբեմն դա խանգարում է գլխավոր հարցերի շուրջ համատեղ մոտեցումների ձեւավորմանը:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ միավորումը. օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը, ով ոչ վաղ անցյալում ՀԱԿ-ի դաշնակիցն էր, այդ կառույցից հեռացավ նեղսրտած ու վիրավորված, նրան անվանարկեցին, պիտակավորեցին, ինքն էլ բավական թունդ խոսքեր ասաց թե առաջին նախագահի, թե ՀԱԿ-ականների հասցեին: Պարույր Հայրիկյանի դեպքում գործն անգամ վիրավորանքների հասավ եւ այլն:

– Իհարկե, շատ բարդ է, բայց հույս ունեմ, որ այդ միավորումը հնարավոր է ստեղծել:

– Մամուլում հրապարակումներ եղան, որ «Ոչ»-ի ճակատը ՌԴ-ից է ուղղորդվում եւ կառավարվում: «Ժառանգությունն» ինչպե՞ս է մտնում այդ ֆորմատի մեջ:

– Դա էլ հերթականն է: Սկզբում Ռոբերտ Քոչարյանի հետ էին փորձում կապ տեսնել: Ուղղակի վարկաբեկման քաղաքականություն է: Իսկ եթե որեւէ մեկի ստեղծագործական երեւակայությունն այնքան է բավարարում, որ «Ժառանգության» ետեւում Ռուսաստան է տեսնում, ապա դա ոչ թե իմ, այլ հոգեբույժի մեկնաբանման խնդիր է:

– Շատերը սպասում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը…

– Մենք նմանատիպ դիրքորոշման չենք սպասում: Մենք մեր դիրքորոշումն արդեն ունենք եւ գործում ենք դրան համապատասխան: Երկրորդ` Ռոբերտ Քոչարյանի գործոնն արհեստականորեն է ներմուծվում դաշտ, որովհետեւ, ինչպես տեսնում եք, այս պահին այդ գործոնն ընդհանրապես գոյություն չունի: Դա ընդամենը հողմաղացների դեմ պայքար սկսելու քայլի է մղում, որպեսզի ընդդիմությունն ընկնի կեղծ թիրախների ետեւից: Բայց դա բացարձակ անիմաստ զբաղմունք է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930