Ասում է Քաջարանի հիվանդանոցում «հեպատիտ C»-ով
մի քանի անձանց վարակման դեպքով մեղադրվող բժիշկը
Քաջարանի հիվանդանոցում 15 անձանց «հեպատիտ C»-ով վարակման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրվող բժիշկ անեսթեզոլոգ Երվանդ Ավագյանը անարդար է համարում իր դեմ մեղադրանքը: Բժիշկն «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ ինքը կապ չունի վարակի տարածման հետ, ավելի կոնկրետ՝ նա իր մեղքը չի տեսնում:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ C»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Ըստ կոմիտեի՝ կան ձերբակալվածներ: Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում եւ անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ Մանասյանը եւ նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզոլոգ Ե. Ավագյանը:
Երվանդ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանքը որպես խափանման միջոց չընտրվեց դատարանի կողմից. «Երկրից չբացակայելու պարտավորությամբ ստորագրությամբ բաց են թողել: Տեսնենք՝ հետո ինչ կլինի: 7-8 ամիս է՝ քննություն է ընթանում, ոչ մի անգամ չեմ հրաժարվել, երբ կանչել են՝ ներկայացել եմ, ոչ մի անգամ չեմ խոչընդոտել քննությանը»:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է այս տարվա հունվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
«Մեղադրում են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար, ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ: Սանիտարահամաճարակային իրավիճակը պահպանելը միջին օղակի խնդիրն է: Այսինքն՝ գործիքների ախտահանումը, մաքրությունը պահպանելն իմ գործը չէ: Ասում են՝ նարկոզի գործիքները լավ չենք ախտահանել, բայց դա, նորից եմ կրկնում՝ իմ գործը չէ, գործիքները ախտահանում են բուժքույրերը, չեմ ուզում իրենց մեղադրել, բայց ես օգտագործում եմ այն, ինչ տալիս են»,- ասաց Երվանդ Ավագյանը: Նրա խոսքերով՝ հստակ սահմանված են չափորոշիչներ, թե բուժանձնակազմում ով ինչով է զբաղվում եւ ինչի համար է պատասխանատու. «Սանէպիդկայանից» ամիսը 2 անգամ գալիս ստուգում են, կարգն է այդպես, եթե խնդիր կար, մի՞թե մինչեւ այդ դեպքը ոչինչ չեն հայտնաբերել»:
Բժիշկն ասաց, որ ինքը համոզված չէ, որ այդ ամենը, նկատի ունի վարակի տարածումը, Քաջարանի հիվանդանոցից է սկսվել: Ավագյանի համար տարօրինակ է, որ նախաքննական մարմինը, ինչպես բժիշկն ասաց, ոչինչ չի արել՝ պարզելու, թե «հեպատիտ C»-ով վարակված այդ հիվանդները մինչ այդ որտեղ են սպասարկվել. «Ատամնաբուժարան են գնացել, տատուի սալոն են գնացել, վարսավիրանոցում մանիկյուր-պեդիկյուրի են գնացել, մինչ այդ վիրահատություններ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Մենք նրանց մեջ հիվանդներ ունենք, որ մեկի մարմնի վրա տատուներ կան, հիվանդ կա, որը 5-6 անգամ տրավմայի պատճառով վիրահատվել է, մեկ այլ հիվանդ էլ բազմիցս ատամնաբուժարան է գնացել. սրանք բոլորը վարակի տարածման ուղիներ են: Զարմանում եմ, որ մեր օղակից են բռնել: Ես կարծում եմ՝ տատուի սալոնն ավելի քիչ է հետեւում սանիտարահիգիենիկ գործընթացին, քան հիվանդանոցը, նույնը՝ ատամնաբուժարանն ու մանիկյուրի կետերը: Ուզում եմ ասել՝ մի տեղից վարակված եկել են, պետք է այդ առաջին օղակը գտնեն»:
«Առավոտի» այն դիտարկմանը՝ եթե անգամ այլ տեղից վարակված անձը եկել է Քաջարանի հիվանդանոց ու վիրահատվել, ապա գործիքները պատշաճ ախտահանումից հետո վարակը չէր տարածվի, պարոն Ավագյանն ասաց. «Եթե վարակված եկել է, օրինակ՝ մանիկյուրի սալոնում, այդ վարակը մոտ 6 ամիս հետո նոր նշաններ է տալիս, կամ ասենք՝ մարդը կարող է ատամնաբուժարանում վարակվի, չիմանա, գա կույրաղիքը վիրահատի, իմունիտետն ընկնի, ու այդ հիվանդությունն արագ «գլուխ բարձրացնի» ու սկսի նշաններ ցույց տալ: Անգամ եթե մեր գործիքները մաքուր չեն եղել կամ լավ չեն ախտահանվել, չէ՞ որ այդ վարակը մի տեղից եկել է մեզ մոտ, այդ տեղն ինչո՞ւ չեն բացահայտում, չէ՞ որ մի այլ տեղից բերել են վարակն ու կպել է գործիքին: Կարծում եմ՝ պետք է սկզբնաղբյուրը բացահայտեն»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին, երբ «հեպատիտ C»-ով մի շարք անձանց վարակման դեպքերը բացահայտվեցին, որպես դեպքի մեկ այլ պատասխանատու անձ մատնացույց էր արվում հիվանդանոցի այն ժամանակվա տնօրեն Վարդան Ավագյանը: Սակայն, ինչպես առողջապահության նախարարությունն էր վստահեցրել, նա այդ ընթացքում հանրապետությունից բացակայել է, վերապատրաստման էր մեկնել:
Նկատենք, որ նախկին տնօրենը, ինչպես վստահեցնում է նախարարությունը, հանրապետությունից բացակայել է, երբ դեպքը բացահայտվել է, մինչդեռ վարակվելու բուն գործընթացի ժամանակ Վարդան Ավագյանը դեռ տնօրեն էր ու հանրապետությունում էր, իսկ այս վարակը օրգանիզմ մտնելուց ամիսներ հետո է ի հայտ գալիս: Մեղադրվող անեսթեզոլոգ Երվանդ Ավագյանը վստահեցնում է, որ դեպքը բացահայտելուց հետո բոլոր վիրահատված հիվանդները հետազոտվել են, հայտնաբերված վարակակիրների մեջ կային մարդիկ, որոնք վարակվել էին այն ժամանակ, երբ տնօրեն էր Վարդան Ավագյանը:
Այս գործով մյուս մեղադրվող՝ հիվանդանոցի նախկին տնօրեն Մանասյանը, որն այդ ժամանակ տնօրենի բացակայության պատճառով նրա գործառույթներն էր իրականացնում, ուստի որոշակի պատասխանատվություն ունի, չցանկացավ որեւէ բան ասել, հորդորեց սպասել քննության ավարտին ու հետո դատարանի որոշմանը:
Իսկ անեսթեզոլոգ Երվանդ Ավագյանն էլ վստահեցրեց, որ ինքը նախկինում որեւէ նման դեպք չի ունեցել. «Քաջարանում կարճ եմ աշխատել, 5-6 տարի եղել եմ Մեղրիի բժշկական կենտրոնի փոխտնօրենը, մինչ այդ զորամասում բուժծառայության պետ եմ եղել, հետո ԱԻն-ում եմ աշխատել: Տարբեր նախարարներից պատվոգրեր ունեմ՝ իմ ներդրած ավանդի համար: Ոչ մի մահ չեմ տվել, ոչ մի հիվանդի կողմից բողոք չեմ ունեցել: Նախկին տնօրենը, որ հիմա անհետ կորած է, ինքն է անձամբ ինձ համոզել, որ գնամ Քաջարանում աշխատեմ, քանի անգամ տուն է եկել, տարբեր տեղեր հանդիպել ենք, ասում էր՝ անեսթեզոլոգ չունի, շատ խնդրեց, որ գնամ, ես էլ ընդունեցի: Իր գնալուց հետո ոչ մի անգամ չի զանգել հետաքրքրվի, թե ինչ վիճակում են բժիշկները, իր հրավիրած բժիշկն ինչի կարիք ունի: Հույս ունեմ, որ ամեն ինչ արդար կավարտվի, քանի որ իմ դեմ որեւէ ապացույց չկա»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09..2015