Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես լուսաբանել ինքնասպանության դեպքերը, որպեսզի այդ հրապարակումները նոր ինքնասպանությունների առիթ չդառնան

Սեպտեմբեր 12,2015 13:30

«Խոցելի անհատին ինքնասպանության դրդող շատ գործոններից մեկն էլ կարող են լինել լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին հրապարակումները». այս մասին ասված է «Ինքնասպանությունների կանխարգելում. ուղեցույց մեդիա մասնագետների համար» գրքույկում, որը պատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ:

Ուղեցույցն առաջարկում է, թե ինչպես լուսաբանել ինքնասպանության դեպքերը, որպեսզի այդ հրապարակումները նոր ինքնասպանությունների առիթ չհանդիսանան: Ըստ մասնագետների՝ չպետք է հրապարակել նկարներ եւ ինքնասպանության գրառումներ, չլուսաբանել օգտագործված կոնկրետ մեթոդներ, չփնտրել մեղավորներ:

Որքան շատ են լինում ինքնասպանության թեմաներով հրապարակումները, այնքան դրանց թիվն աճում է: Այս մասին փաստում են մասնագետները, որոնք վկայում են, որ այդ հրապարակումները հատկապես ազդեցություն են ունենում երիտասարդների վրա: Այդուհանդերձ, ԱՀԿ-ն գտնում է, որ ինքնասպանությունների մասին հրապարակված ոչ բոլոր նյութերն են նպաստում հասարակության խոցելի շերտերում ինքնասպանության դեպքերի աճին, այլ կոնկրետ տեսակի հրապարակումները: Ըստ ուղեցույցի՝ այնուամենայնիվ, միշտ էլ հավանական է, որ ինքնասպանության վերաբերյալ հրապարակումը կարող է ինքնասպանության գաղափարը դարձնել նորմալ. «Ինքնասպանությունների շարունակաբար կրկնվող լուսաբանումները կարող են դրդել եւ օժանդակել ինքնասպանության նախապատրաստությունները՝ հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում»,- գտնում են ուղեցույցի մասնագետները: Նրանք համոզված են, որ «լրատվամիջոցների կողմից ինքնասպանության պատշաճ, ճշգրիտ եւ օգտակար կերպով լուսաբանումը կարող է կանխել ինքնասպանության արդյունքում կյանքերի ողբերգական կորուստը»:

Հոգեբաններն ու սուիցիդոլոգները խորհուրդ են տալիս ինքնասպանությունը լուսաբանելիս ուշադրություն դարձնել մատուցվող վիճակագրությանը, որն, ըստ մասնագետների, պետք է մեկնաբանվի զգուշորեն եւ ճշգրտորեն. «Պետք է օգտագործվեն ստույգ եւ հուսալի աղբյուրներ: Պետք է խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են «ինքնասպանության համաճարակ» կամ «աշխարհում ամենաբարձր ինքնասպանության ցուցանիշ ունեցող վայր», զերծ մնալ ինքնասպանությունների այնպիսի լուսաբանումից, որոնցում այն մեկնաբանվում է որպես սոցիալական, մշակութային փոփոխություններին կամ հասարակության դեգրադացմանը հասկանալի հակազդեցություն»:
Եթե ինքնասպանության կոնկրետ դեպք է լուսաբանվում, ապա ուղեցույցը խորհուրդ է տալիս խուսափել ինքնասպանության սենսացիոն լուսաբանումից, մասնավորապես, երբ այն վերաբերում է հայտնի անձնավորության. «Լուսաբանումը պետք է հնարավորինս սահմանափակ լինի, պետք է անդրադառնալ ցանկացած հոգեկան խնդրի, որ միգուցե ունեցել է տվյալ հանրահայտ մարդը: Պետք է խուսափել չափազանցություններից, հանգուցյալի, նրա օգտագործած միջոցների եւ ինքնասպանության վայրի լուսանկարների հրապարակումից: Առաջին էջերում ինքնասպանության լուսաբանումը նպատակահարմար չէ»:

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ինքնասպանության օգտագործված միջոցի մանրամասն նկարագրությունից, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների կողմից ինքնասպանության լուսաբանումն ավելի մեծ ազդեցություն է ունենում ինքնասպանության միջոցների ընկալման վրա, քան ինքնասպանությունների հաճախականության. «Որոշ վայրեր՝ կամուրջներ, ժայռեր, բարձր կառույցներ, երկաթգծեր եւ այլն, սովորաբար կապվում են ինքնասպանության հետ, եւ դրան ավելացող հրապարակայնությունը մեծացնում է այն ռիսկը, որ ավելի շատ մարդիկ կօգտագործեն դրանք»:

Այդ թեմայով լուսաբանում պատրաստելիս, ըստ ուղեցույցի, պետք է հաշվի առնել, որ այն ազդում է ընտանիքների եւ այլ տուժածների վրա ե՛ւ խարանի, ե՛ւ հոգեկան տառապանքի տեսքով:

Իսկ ինքնասպանների հերոսացումը, որպես նահատակների հանրայնացում, կարող է զգայուն մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ հասարակությունը պատվի է արժանացնում ինքնասպանության վարքագիծը, եւ շեշտը պետք է դրվի տվյալ մարդու մահը սգալու վրա:

Լրատվամիջոցները կարող են ինքնասպանության կանխարգելմանն օգնելու հարցում ակտիվ դերակատարում ունենալ, եթե այդ լուրի հետ միասին նշեն հասանելի հոգեկան ծառայությունների եւ թեժ գծերի ճշտված հեռախոսահամարները եւ հասցեները:
Լրատվամիջոցները նաեւ պետք է հրապարակեն ռիսկային գործոնները եւ նախազգուշացնող նշանները:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930