Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծննդատուն-թաղապետարան-զագս» հանցագործ շղթային 15 տարվա մեջ ավելացան քննիչ-դատախազություն օղակները

Սեպտեմբեր 12,2015 13:00

Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակից հետո նախագահի աշխատակազմ հրավիրվեց դիմումատուն՝ Ս.Պ.-ն:

Նրան ընդունել էր Աիդա Ասատրյանը:

Ս. Պ.-ն հայտնել էր, որ դեռեւս 2013 թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնին հաղորդում է տվել 2000թ. փետրվարի 16-ին բժշկական կենտրոններից մեկում իր նկատմամբ կատարվածի մասին:

Նա ծննդաբերել է առողջ աղջիկ երեխա: Երեխայի ծնունդը գրանցվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աջափնյակ-Դավիթաշեն ստորաբաժանումում, տրվել է ծննդյան վկայական, մոր՝ Ս. Պ.-ի անվամբ: Ծննդաբերության ժամանակ Ս.Պ.-ն եղել է անչափահաս:

Ըստ դիմումատուի, օգտվելով այդ հանգամանքից, ծննդատան ղեկավարները նրան ասել են՝ «երեխադ չի ապրելու» եւ, առանց անչափահաս ծննդկանի օրինական ներկայացուցչի մասնակցության, ստիպել են հայտարարել երեխայից հրաժարվելու մասին:
Ոստիկանությունում հայտարարություն տալուց հետո նախապատրաստվեցին նյութեր՝ քրեական գործ հարուցելու մասին: Ութ եւ ավելի ամիսներից հետո քրեական գործի հարուցումը մերժվեց հանցակազմի բացակայության հիմքով, ինչից հետո Ս. Պ.-ի ներկայացուցիչը դիմեց դատարան:

Դատական գործընթացների ժամանակ նոր հանգամանքներ, նոր ապացույցներ ի հայտ եկան: Երեխայի մայրն իրավապահ մարմինների առաջ բարձրացրեց անգամ քննիչին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Պարզվեց, օրինակ, «վիճելի» երեխայի որդեգրման մասին, որ երեխային Աջափնյակի թաղապետի 2000թ. մայիսի 11-ի որոշմամբ «վաճառել» են։ Այդ որոշումը Ս.Պ.-ն համարում է կեղծ:

«Քննիչի որոշումը բողոքարկել ենք դատարան, եւ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր անցյալ տարվա հունվարի 31 -ի որոշմամբ մեր բողոքը բավարարել է։ Դատախազի բերած բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել է»,- ասում է Ս.Պ.-ն:

Ի վերջո, հարուցվեց քրեական գործ:

Հանցակազմերի բացակայության հիմքով կրկին պաշտոնատար բուժանձնակազմի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց:

Մայրը, որ 15 տարի որոնում է իր երեխային, տեղեկացնում է, որ քննիչի որոշմամբ իր անչափահաս լինելու հանգամանքին բժիշկները բացատրություն էին տվել, թե իբրեւ տեղյակ չեն եղել, մինչդեռ բժիշկներից մեկի թելադրանքով գրված ու գլխավոր բժշկի կողմից ծննդատան կնիքով ու ստորագրությամբ հաստատված Ս. Պ.-ի «հրաժարականում» հստակ նշված է բողոքաբերի ծննդյան օրը, ամիսն ու տարին՝ 02.01.1984թ.։
Աջափնյակի թաղապետի 11.05.2000թ. որոշումը երեխայի որդեգրման վերաբերյալ, ըստ քննիչի, կայացվել է «Ամուսնության եւ ընտանիքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթներին համապատասխան, իսկ դրա հիմքերը չեն պահպանվել, մինչդեռ Ս. Պ.-ի կարծիքով. «Վաղնջական ժամանակներից սկսած՝ որդեգրման գործառույթին առնչվող բոլոր փաստաթղթերը դասվում են որպես խիստ հաշվառման փաստաթղթեր ու ոչնչացման ենթակա չեն»։

Ուշադրության արժանի է այն, որ նախաքննության ընթացքում «հրաժարականի» բնօրինակը ու երեխայի ծննդյան գրանցման ակտը քննիչին են հանձնել բուժանձնակազմի առերեւույթ կասկածյալները:

Առհասարակ, թաղապետի որոշումն էլ, ըստ Ս. Պ.-ի ներկայացուցիչ փաստաբանի, չէր կարող կայացվել ոչ միայն առանց հիմքերի, այլեւ առանց որդեգրողների նախնական հաշվառման եւ հանձնաժողովային եզրակացության, ուստի «թաղապետարանում այդ «հիմքերի չպահպանման» հանգամանքն ինքնին ո՛չ այլ ինչ է, քան այդ «որդեգրման» ապօրինի լինելը կոծկելու միջոց, իսկ նշված հիմքերից կարեւորագույն հանդիսացող փաստաթղթի գտնվելը ծննդատան տնօրենի մոտ, այն էլ դեպքից 14 տարի անց, բավարար էր եզրահանգելու, որ Ս. Պ.-ից ծնված երեխայի որդեգրումը կայացվել է առանց որեւէ հիմքի եւ ապօրինի է»։

Քրեական գործի քննության ժամանակ Ս.Պ.-ն հայտնել էր, որ իրենից գումար են պահանջել բժիշկները: Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ.Հովհաննիսյանին ուղղված իր դիմումում այս հանգամանքի մասին Ս.Պ.-ն անդրադարձել էր նույնպես, նշելով, ու բժշկի թելադրանքով 500 դոլար պահանջելու դիմաց, ինքը ներկայացվում էր չափահաս:
Սակայն որեւէ քննչական գործողություն, առերեսում, չի կատարվել։

Ս. Պ.-ի երեխայի ծննդյան գրանցման ակտը չի տրամադրվել բողոքաբերի փաստաբանին՝ «որդեգրման գաղտնիության մասին» պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ այս երեխայի ծննդյան գրանցման ակտը նույն գաղտնիության հանգամանքների անտեսմամբ առկա է եղել բուժկենտրոնի տնօրենի մոտ, որը հանձնել է քննիչին:

ՀՀ նախագահին ուղղված նամակում բողոքաբեր մայրը բարձրացրել էր նաեւ վերահսկող դատախազի անգործությունը:

Ի դեպ, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատախազի դեմ բերված բողոքն էլ մերժվել է։
«Քննիչը դիտավորությամբ չի պարզել, թե մինչեւ որդեգրումը մոտ երեք ամիս որտեղ է գտնվել երեխան, ու առավել քան տրամաբանական ու հավանական է, որ նա գտնվել է ո՛չ թե խնամակալության մարմնի, այլ քննիչի «թեթեւ ձեռքով» ապօրինաբար մեզնից գաղտնի պահվող ինքնությամբ եւ ապօրինաբար որդեգրող (որդեգրողներ) դարձած անձի (անձանց) հսկողության տակ, իսկ որդեգրման ակտը ո՛չ թե նախորդել, այլ հետեւել է որդեգրող (որդեգրողներ) դարձած անձի (անձանց) երեխայի հանձնմանը»,- գրել է բողոքաբերը:
Ս. Պ.-ն սպասում է, թե երբ են իրեն կրկին պատասխանելու ՀՀ նախագահի նստավայրից, նա խնդրել է, որպեսզի հանձնարարվի պատկան մարմիններին ստուգել գործին առնչված պաշտոնատար անձանց գործողությունների դրդապատճառները եւ լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու խնդիրը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Իսկ մանկավաճառ ՛՛բժիշկը՛՛ այժմ ծննդաբերության ոլորտի նեղ շրջանակներում առավել շատ հայտնի է ոչ միայն որպես բարձր պաշտոնյա, այլեւ՝ ընդհատակյա օլիգարխ, բնականաբար, ՛՛վերնախավի՛՛ բարքերին հավատարիմ, հասցրել է տիրանալ նաեւ հնչեղ գիտնական աստիճանների… :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930