Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի բանակի երբեմնի զինվոր հայ պարուհին հաստատվել է հայրենիքում

Սեպտեմբեր 12,2015 12:30

«Առավոտը» հյուրընկալեց բալետի արտիստ Արմինա Խաչատրյանին:

Երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ պարի առաջին դասերը 6 տարեկանում ստացել է Իսրայելում, ռուս բալետմայստեր Թամարա Կինի ղեկավարությամբ, հետո ուսումնասիրել է մոդեռն, ջազ պարաոճերը, ապա պարել տեղի տարբեր խմբերում: Երկու տարի Իսրայելի բանակում ծառայելուց հետո, 2012թ. ուսումը շարունակում է Երեւանի պարարվեստի պետական քոլեջում՝ ճանաչված բալետմայստերներ Աննա Մարիկյանի եւ Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ: 2013թ. հաղթող է ճանաչվում «Շանթ» TV-ի «Պարիր, թե կարող ես» նախագծում եւ որպես գլխավոր մրցանակ՝ մեկնում ԱՄՆ շրջագայության: Մեր զրուցակցի խոսքերով՝ կարծես թե ամեն ինչ հարթ էր ընթանում, սակայն 2014թ. Արմինան վնասում է ոտքը, որի պատճառով էլ բուժում է ստանում թե Հայաստանում եւ թե Իսրայելում: Այդ ընթացքում նա չի ընկճվում. որպես կամավոր ընդգրկվում է «Դեպի Հայք» միջազգային կազմակերպությունում ու պարարվեստում ստացած գիտելիքները փոխանցում «Օրրան», «Զատիկ» բարեգործական կազմակերպությունների եւ M danse studio-ի երեխաներին:

Armina_Xachatryan_6 Armina_Xachatryan_5

«Դեպի Հայքի» կազմակերպած ֆորումներից մեկում (2015թ. սկզբներին) ծանոթացա ՀՕՖ-ի ծրագրերից «Այո» հարթակի ծրագրերի ղեկավար Ջեմա Սաֆարյանի, համայնքների տնօրեն Հելենա Մելքոնյանի եւ իհարկե՝ տնօրեն Արմեն Անմեղիկյանի հետ: Նրանց խնդրեցի իրականացնել երազանքս, այն է՝ արվեստագետ ընկերներիս հետ հանդես գալ բարեգործական համերգներով: Սեպտեմբերի 29-ին նորաբաց «Երեւան» մշակութային կենտրոնում կկայանա բարեգործական համերգ, հասույթն էլ կփոխանցվի «Այո»-ին եւ համոզված եմ, որ այդ օգնությունը նրանք կհասցնեն հայաստանյան մարզերի դպրոցների աշակերտներին»,- ասաց Արմինան: Հավելեց՝ փաստորեն, վնասվածքից հետո ինքն առաջին անգամ է բեմ դուրս գալու այդ օրը:

Armina_Xachatryan_2 Armina_Xachatryan_1

Արմինա Խաչատրյանը հայտնեց, որ ինքն ընդգրկված է Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի բալետային ստուդիայում, որի գեղարվեստական ղեկավար Հայկ Ավագյանի անձնական կապերի շնորհիվ հոկտեմբերին հայ եւ ռուս բալետի արտիստների հետ կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացման փորձերին: «Այս առիթով շատ ուրախ եմ ու հուզված: Նաեւ մեծ պատասխանատվություն է մասնակցել մի ներկայացման, որը աշխարհում համարվում է ամանորյա թատերական ներկայացումներից լավագույնը: Այս պահին միայն կարող եմ ասել, որ Սուրբ ծննդի նախօրեին, եւ հաջորդող որոշ ժամանակահատված «Շչելկունչիկը» կներկայացվի ֆրանսիական, գերմանական եւ գուցե եվրոպական այլ քաղաքներում նույնպես»,- տեղեկացրեց պարուհին: Հետաքրքրությանը, թե ո՞վ է բեմադրության խորեոգրաֆը, Արմինան հայտնեց միայն, որ այս բալետային ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1892թ., Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, բեմադրությունը իրականացվելու է զուտ դասական բալետային ձեռագրով եւ հնարավոր է, որ խորեոգրաֆը հարազատ մնա ժամանակին անվանի բալետմայստեր Վայնոնենի բեմադրությանը:
Անդրադառնալով արվեստագետի կամավորական աշխատանքին ու բարեգործությանը, հարցրինք՝ իսկ մտադրություն չունի՞ բեմ բարձրանալ Երեւանի օպերային թատրոնում: Արմինա Խաչատրյանի պատասխանը հետեւյալն էր՝ «Իհարկե՝ այո: Հայրենիքիս օպերային թատրոնի բեմը ինձ համար շատ հարազատ է, բայց իմ գերնպատակն է, իհարկե, տարիներ անց հիմնել արվեստի դպրոց անապահով ընտանիքների երեխաների համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930