Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխիկ օրգիաներ եւ շոու-բիզնեսային «խաղեր»

Սեպտեմբեր 12,2015 12:00

Սկանդալային բացահայտումներ՝ «Ուրվականների շոու» գրքում

Մոսկովյան հայտնի «Ֆորպոստարթ պրոդաքշըն» ընկերության հիմնադիր եւ նախագահ Զառա Մխեյանը սկանդալային գիրք է գրում՝ «Ուրվականների շոու» վերնագրով: Գրքում նա մի շարք գաղտնազերծումներ է արել շոու-բիզնեսի, քաղաքական գործիչների, օլիգարխների, «Միս Հայաստան»-ների, իր խոսքով՝ մեր մոդելային բիզնեսի ահավոր վիճակի մասին: «Առավոտի» հետ զրույցում Զառա Մխեյանը հավաստիացրեց, որ բոլոր կերպարները եւ իրադարձություններն իրական են, դրվագներ կան անդրկուլիսային կրքերից: «Վերջին քսան տարիների մասին է, գրքում կարելի է հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի ազդեցիկ դեմքերին, մարդկանց, որոնք բիզնեսներ ունեն, անուններ չեն տրվում, բայց այդ կերպարները կճանաչեն իրենց: Գրքում կան ե՛ւ ուժային կառույցի ներկայացուցիչներ, ե՛ւ ազդեցիկ մեկը, որին սպանել են, անգամ բոլորին քաջածանոթ մարդկանց օրգիաների նկարագրությունները կան: Ոչինչ չափազանցված չէ, դեռ մեղմ է գրված»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ գրքի ուղերձը իրական արժեքների կարեւորումն է եւ տղամարդու ասպետականության պրոբլեմը:

«Մի կորպորատիվ խնջույքի նկարագրություն կա գրքում, որն իրականում եղել է: Միջոցառումը սկսում է նրանով, որ մի հայ, մի ռուսաստանցի օլիգարխ թատերականացված կորպորատիվ միջոցառում է կազմակերպում: Հիմնականում հրավիրված էին այն արտիստները, որոնց հետ համագործակցել ենք: Խնջույքի բոլոր հյուրերը դիմակներով էին, նրանց հրավիրատոմսերի հետ ուղարկվել էին էքսկլյուզիվ, իրենց բնորոշող խարակտերային դիմակներ: Ի դեպ, իմ նշած օլիգարխը երեւանցի է, բոլորը ճանաչում են նրան…Հինգ տարի գրում էի այս գիրքը ու չէի կարողանում վերջաբան գտնել, վերջաբանը եղավ այդ կորպորատիվը: Գրքում հիշողություններ են, հյուրերի ու արտիստների 90%-ի հետ վաղուց ծանոթ եմ: Այնտեղ լուրջ խնդիրներ են արծարծվում, ցավ եմ ապրում այն ամենի համար, ինչ կատարվում է շոու-բիզնեսում եւ քաղաքականության մեջ, ընդհանրապես տղամարդու կերպարին եմ անդրադառնում: Բոլոր կանայք ի վերջո ասպետի են սպասում, սակայն այնպես է ստացվում, որ կորպորատիվում միակ ասպետը` հինգ հարյուր հոգուց, միայն այդ տղամարդն է, որը կազմակերպել է այդ միջոցառումը: Ցավոք, բոլոր տղամարդիկ տարիներ շարունակ ինքնահաստատվելու խնդիր ունեն եւ ամեն ինչ տանում է բարոյական ու ֆիզիկական այլասերման, ինչում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ կանայք»,- նշում է պրոդյուսերը:

Նա գրքում ափսոսանքով գրել է, որ Երեւանում չկա պրոդյուսերական ինստիտուտ, ասում է. «Հայաստանում ամեն մարդ կարող է ֆիլմ նկարել, երգել, պրոդյուսերություն անել: Ամեն տարի Հայաստանում երգիչ-երգչուհիներ են ավելանում, մինչդեռ չունենք համապատասխան շուկա, ամեն տարի ստեղծվում է պրոդուկտ, որ պետք է մատչելի լինի գոնե ԱՊՀ տարածքում, մինչդեռ իրենք աշխատում են զուտ կորպորատիվների, արտասահմանի հայկական համայնքների համար: Ցավով պետք է նշեմ, որ չունենք այնպիսի արտիստ, որը ներկայացնի Հայաստանը, ընդ որում, տվյալ պարագայում լեզուն կապ չունի…Ինձ երբեմն ասում են, որ Ռուսաստանում էլ կան երգիչներ, որոնք որակ չունեն: Ես էլ պատասխանում եմ, որ դրանք կոմերցիոն նախագծեր են, ինչպես «ՎԻԱ գրան»: Ամբողջ կյանքում Մելաձեն կփոխի երգչուհիներին, բայց բրենդը կաշխատի, որովհետեւ դա պրոֆեսիոնալ պրոդուկտ է, չեմ ասում, թե արվեստ է, բայց բիզնես է, մինչդեռ Հայաստանում ոչ շոու կա, ոչ բիզնես: Մենք շատ ենք կապկում, ինչը մեզ չի սազում, մեր պրոդյուսեր կոչեցյալները տեղյակ չեն, որ աշխարհում ամենաթանկ խմբերը ֆոլք խմբերն են, ԱՄՆ-ում, օրինակ, ամենաթանկը քանթրի երաժշտությունն է: Այնքա՛ն տաղանդավոր արտիստներ կան Հայաստանում, որոնցից կարելի է ստեղծել ժամանակակից էթնո խումբ, մինչդեռ մեր երգչուհիները կիսամերկ են բեմ դուրս գալիս, որը ոչ միայն էթիկապես ճիշտ ու էսթետիկ չէ, այլեւ պոռնոգրաֆիկ է… Կարծում եմ, որ մեր երգիչները չեն մտածում կատարելագործվելու, զարգանալու մասին: Եվ հետո լավ կլիներ, որ ինչ-որ բան անպայման եթեր դուրս գալուց առաջ գեղխորհրդի հավանությանը արժանանար, որպեսզի ունկնդրի ճաշակը չավերվեր… Այսօր շատ լուրջ մասնագիտություններ կան, բայց երիտասարդները չեն ուզում սովորել, իրենք ուզում են դառնալ հեռուստահաղորդավար կամ երգիչ-երգչուհի, իսկ դա խոսում է միայն ազգի դեգրադացման մասին եւ ինչպիսի՛ն են հարաբերությունները, ինչպե՛ս են այդ ամենին հասնում»:

Գրքի վերաբերյալ մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տղամարդ-կին հարաբերություններին. «Հաճախ մեր կանայք խախտում են տղամարդկանց հոգեկան աշխարհը, կան արժեքներ, որոնք, անկախ իրավիճակից, պետք է պահել, ցավոք, այլ է իրականությունը՝ շուկայական հարաբերություններ են անգամ ամուսնական զույգերի մոտ, բացակայում են սերն ու ներդաշնակությունը, որ պետք է լինեին: Կանանց եւ տղամարդկանց 99%-ը գնում է ամեն ինչի՝ հանուն նյութականի»:
Զառա Մխեյանը նաեւ հայտնեց, որ «Ուրվականների շոուն» կտպագրվի Մոսկվայում՝ շատ հեղինակավոր հրատարակչության կողմից, հնարավոր է՝ հետագայում այն թարգմանվի հայերեն: Գիրքը ունի հայտնի համահեղինակ, որի անունը այս փուլում նա չցանկացավ բարձրաձայնել:

«Դեկտեմբերի 17-ին Երեւանում կկայանա ասուլիս՝ գրքի վերաբերյալ, որի ընթացքում որոշ փակագծեր կբացեմ: Գիրքը եւս կոմերցիոն նախագիծ է, այնտեղ բացառիկ լուսանկարներ կլինեն ոչ միայն հայտնի կորպորատիվից, այլեւ չինովնիկների, օլիգարխների եւ աստղերի կյանքից: Ընդհանրապես շատերի թաքնված կողմեր ենք բացահայտելու…Վերջին քսան տարիների հուշերն են ամփոփված այնտեղ: Հրատարակչության սեփականատերն էլ գրքի առանցքային հերոսներից մեկն է, հայտնի օլիգարխ…»,- ասաց Զառա Մխեյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հետաքրքիր կլինի:Չնայած շատ բան գիտենք,բացահայտ երեւում է,բայց ըստ երեւույթին գրքի հեղինակը «առաջին ձեռք»ից է…Հաճախ ինձ հարցնում են,ո՞նց,դու այս(կամ այն)երգը չգիտե՞ս, այսինչն է երգում(կամ այնինչը): Պատասխանում եմ՝ ինձ չի հետաքրքրում թե ինչ են երգում (քանզի երգ չեմ տեսնում),ինձ հետաքրքրում է ում,որ տեղն է… բաց: Ուրիշ արժանիք չկա…:Բոլոր շոու բիզնեսները ստեղծվում են իշխանությունների կողմից եւ հենց նրանց էլ ծառայում են՝ երիտասարդության ուղեղը մթագնելու, եւ լուրջ,քաղաքական ու կենսական հարցերից հեռու պահելու նպատակով:Չեմ գնում եւ ոչ մի համերգի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930