Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում հայտարարությամբ հանդես եկավ. «Հավաքների ազատության իրացման ցանկացած ձև պիտի համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և հավաքների մասին ՀՀ օրենքին»:
Այնուհետև ևս մեկ անգամ շեշտեց, որ դեպի Բաղրամյան պողոտա երթն անօրինական է և անհամաչափ: Սակայն միևնույն ժամանակ նշեց. «Չնայած քաղաքացիների կողմից իրականացված գործողություններն անօրինական բնույթ են կրում, բայց ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պիտի բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու և իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ներկայացնելու: Ուստի անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրվում է վեց ժամ ժամանակ, մինչև առավոտյան ժամը 05.00-ին պողոտան ազատելու համար»:
Այս ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց. «Հարգելի ոստիկանություն դուք խախտում եք համակեցության պայմանները, ժամը 23.00-ից հետո չի կարելի աղմկել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ