Արթուր Զադոյանն վստահեցրեց՝ դեպքի օրվա դրությամբ Կարո Կարապետյանի նկատմամբ գումարային պարտավորություն չի ունեցել
Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11-ին շարունակվում էր քննվել Արթուր Զադոյանի գործը: Գործով տուժող է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:
Դատարանը ամբաստանյալին ուղղեց իր հարցերը: Ի տարբերություն տուժողի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հարցերի՝ դատավորի հարցերին Արթուր Զադոյանը պատասխանեց:
Նա ասաց, որ այդ դեպքի օրվա դրությամբ Կարո Կարապետյանի նկատմամբ գումարային պարտավորություն չի ունեցել. «57 հազարի խոսակցություն չի եղել: Դրանից մեկ օր առաջ գնացել ենք, որ Կարոն մեքենան տեսնի, հետն էլ մասնագետ էր բերել: Կարոն ճանապարհից հետ դարձավ՝ Էջմիածին չհասնելով, իմանալով, որ Արտակն այնտեղ է, Արտակն էլ Մանվել Գրիգորյանի փեսան է: Կարոյի հարաբերություններն այդ ժամանակ լավ չէին, որ իմացավ Արտակն այնտեղ է, կանգնեց»:
Կարդացեք նաև
Արթուր Զադոյանը նշեց, որ ինքը միջնորդ է եղել, որ Կարո Կարապետյանը մեքենա գնի եւ այդ գործարքից շահ է ունեցել:
Դատավորի հարցին, թե ավտոմեքենա նստելիս իր մոտ ի՞նչ իր կամ առարկա է եղել, Արթուր Զադոյանը պատասխանեց, որ ոչ մի առարկա, ոչ մի իր էլ չի եղել, եւ դա փորձագիտությունն ապացուցել է:
Մյուս հարցին, թե տեսե՞լ եք զենք, ամբաստանյալը պատասխանեց՝այո, սակայն դժվարացավ նշել, թե ինչ տեսակի զենք է տեսել: Հարցին, թե իր ներկայությամբ Կարո Կարապետյանը այդ զենքը լիցքավորե՞լ է, նա պատասխանեց, որ իր լսած ձայները լիցքավորման նշաններ են:
Դատավորը հետաքրքրվեց, թե Արթուր Զադոյանը Կարո Կարապետյանի կողմից իր անձի նկատմամբ սպառնալիքներ լսե՞լ է, նա պատասխանեց՝ Կարո Կարապետյանը ե՛ւ հարվածել է, ե՛ւ հայհոյել, ե՛ւ սպառնացել, մասնավորապես՝ ասել է՝ «Հեսա գյուլելու եմ»:
Իսկ Կարո Կարապետյանին հարվածելու պահը, ըստ նրա, սինխրոն է եղել, երբ Կարապետյանը հայհոյել է եւ կռացել է, որ զենքը վերցնի, ինքն էլ հարվածել է:
«Հարգելի՛ դատարան, մի քիչ տրամաբանենք էլի, ֆանտազիաներից հեռու մնանք: Կարոյի գլուխը ջարդել եմ, ֆանտանը ֆշշում է, Կարո Կարապետյանի գլուխը, ես հլը սպառնալիք տա՞մ, էս ի՞նչ հեքիաթներ են: Ընդհակառակը, պիտի ինչ-որ մեղանչելու նման մի բան էր, բայց էդ էլ չի եղել: Տղամարդու պես կանգնել եմ, ասել եմ դուխդ չի ներում, կրակիր, շուռ եմ եկել, կրակել ա»,- ասաց ամբաստանյալը:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ