Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Զադոյանը հրաժարվեց պատասխանել Կրոմվել Գրիգորյանի հարցերին

Սեպտեմբեր 11,2015 22:40

Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11-ին շարունակվում էր քննվել Արթուր Զադոյանի գործը: Գործով տուժող է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:

Դատական նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը պետք է իր հարցերն ուղղեր ամբաստանյալին: Սակայն, Արթուր Զադոյանը հայտարարեց, որ հրաժարվում է Կրոմվել Գրիգորյանի հարցերին պատասխանել. «Այս անհեթեթ սուպեր ֆանտաստիկ սցենարի հեղինակներից մեկը Կրոմվել Գրիգորյանն է»:

«Հերքե՛ք, ինչո՞ւ եք վախենում, հերքե՛ք: Սարի պես պաշտպան ունեք»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:

Արթուր Զադոյանը պատասխանեց, որ չի վախենում, բայց հարցերին էլ չի պատասխանի:

«Գիտի, որ սուտը պետք է բռնացնենք, չի պատասխանում: Պատասխանե՛ք»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, Արթուր Զադոյանը հրաժարվեց պատասխանել նրա հարցերին, չնայած դրան տուժողի ներկայացուցիչը հնչեցրեց իրեն հուզող հարցերին:

«Ամբաստանյալ, ո՞ր թվականից եք զբաղվել մասնավոր ավտոմեքենաների առուվաճառքով»,- Կրոմվել Գրիգորյանի հարցին, ամբաստանյալը պատասխանեց. «Ոչ մի անգամ չեմ զբաղվել, բայց ձեր հարցերին չեմ պատասխանի»:

Դատական նիստի սկզբում Արթուր Զադոյանը հարցերին ընդհանրապես չէր պատասխանում, ինչը գրավեց Կրոմվել Գրիգորյանի ուշադրությունը. «Ես առարկում եմ, անճշտություններ  են առաջանում պաշտպանի ոչ ճիշտ իրավաբանական խորհրդատվությունների արդյունքում: Ամբաստանյալը չի պատկերացում, որ յուրաքանչյուր հարցին պետք է ասի՝ պատասխանո՞ւմ է, թե՞ չի պատասխանում: Այստեղ անվստահությունը գալիս է պաշտպանի պահվածքից»:

Արթուր Զադոյանը համաձայնեց նրա հետ, խոստովանելով, որ տեղյակ չէր, որ ամեն հարցից հետո պետք է պատասխաներ: Այնուհետեւ, բոլոր հարցերին նա պատասխանում էր՝ չեմ պատասխանում:

Ամբաստանյալի կարծիքով՝ Գրիգորյանի հարցերից ոչ մեկը գործի հետ կապ չունի: Կրոմվել Գրիգորյանը նկատեց, որ հակասություններ կան Զադոյանի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների մեջ, ամբաստանյալը պատասխանեց. «Իմ ցուցմունքների մեջ հակասություններ չկան, չեմ պատասխանելու»:

Դատավորը նկատեց, որ ամբաստանյալի «չեմ պատասխանում» կամ «ոչ» պատասխանները երբեմն ավելի անորոշության մեջ են գցում, քան պատասխանները կլինեին:

«Հարգելի՛, դատարան, հարցերը, որ հնչեցնում է հարգելի՛ սուպեր փաստաբանը, այդ ամենը իմ ցուցմունքում կա: Լավ հիշում եմ, չեմ էլ ուզում կրկնվել, չեմ էլ ուզում հարցերին պատասխանել»,- եղավ ամբաստանյալի պատասխանը:

«Անշառ հարցեր են, պատասխանեք էլի»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:

«Խի՞ ա անշառ: Ուրեմն՝ շառով են, որ եկա հասա ստեղ»,- ասաց Զադոյանը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանը ժամանակ առ ժամանակ հորդորում էր իր պաշտպանյալին չպատասխանել հարցերին: Դա արժանացավ դատավորի եւ Կրոմվել Գրիգորյանի ուշադրությանը:

«Պարո՛ն Ամիրխանյան, ձեր պաշտպանյալի հետ Դուք վերջնականապես ճշտեք դիրքորոշումը՝ պատասխանո՞ւմ է, թե՞ չի պատասխանում: Թե չէ հնչեցնում եք մի պատասխան եւ ասում եք՝ չեմ պատասխանում»,- ասաց դատավորը:

Պաշտպան Սիմոն Ամիրխանյանը դիմեց Արթուր Զադոյանին. «Դեմագոգիա է գնում, հասկանո՞ւմ ես»: Այնուհետեւ դիմելով դատավորին՝ ասաց. «Ինքն է որոշել»:

Կրոմվել Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի պատասխանում հարցերին, Զադոյանն ասաց. «Խեղկատակություն է այս գործը»: Դատավորը դիմեց նրան՝ «Ավելորդ պիտակներ մի՛ հնչեցրեք»: Ամբաստանյալն էլ ասաց՝ «Հարկ չեմ համարում»:

Տուժողի պաշտպանը նկատեց, որ ամբաստանյալի մոտ այնպիսի տպավորություն է, որ իրեն է պատասխանում. «Հարցերը, ճիշտ է, ես եմ տալիս, բայց պատասխանները դատարանին է տալիս»:

Սիմոն Ամիրխանյանը հայտարարեց, որ Կրոմվել Գրիգորյանը հանրապետությունում հայտնի է մանեւրներով, օդից տառեր բռնելով. «Մարդը հայտարարեց, որ հրաժարվում է ձեր հարցերին պատասխանել, ի՞նչ եք խուճուճ- խուճուճ հարցերով տալիս, փաստաբանը նրա համար է, որ օգնի»

Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ առարկում է ապօրինի գործողությունների դեմ. «Դատարանի կողմից նա պետք է որպես պրոֆեսիոնալ դեմագոգ համարվի: Նախագահող դատավորը պետք է Ձեզ առարկի, որ դեմագոգությամբ չզբաղվեք դատարանում»:

Դատավորը Ամիրխանյանին զգուշացրեց՝ «Առանց խանգարելու, առանց հուշումի, թույլ տվեք ձեր պաշտպանյալը արտահայտի իր խոսքը՝ կա՛մ պատասխանում է, կա՛մ չի պատասխանում»:

Դատական նիստի ընթացքում Կրոմվել Գրիգորյանը մի շարք հարցեր հնչեցրեց, որոնք անպատասխան մնացին: Նա ասաց, որ դեռ մի շարք հարցեր ունի, բայց դրանք չի ուղղի, այլ դատավորի հարցերից հետո միջնորդություն կներկայացնի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930