Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտան դարձյալ փակ է. ուղիղ հեռարձակում

Սեպտեմբեր 11,2015 22:41

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ այսօր կրկին փակեցին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել հոսանքի ավելի քան 17 տոկոս թանկացումը։

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարությունում պարզաբանում է. «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են, և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները»։

ՀՀ ոստիկանությունն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կողմից 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-23.00 «Ազատության» հրապարակում հավաքի և ժամը 19.30-ից «Ազատության» հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Ազատության» հրապարակ երթուղիով երթի անցկացումը: Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:

Ներկա պահին հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, շարունակում են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների ազատության իրավունքի իրացման ցանկացած ձև պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:

Հավաքների ազատության իրավունքը չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման նպատակով: Այս սահմանափակումներն ուղղակիորեն վերաբերում են խաղաղ հավաքներին և բխում են ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի դրույթներից:

Հավաքի մասնակիցներին և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել:

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել, որ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունի բավարար տվյալներ՝ դրա նախապես կազմակերպված բնույթի վերաբերյալ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքից, մասնավորապես, դրա 14 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից պարզորոշ հետևում է, որ ցանկացած հավաք, այդ թվում՝ խաղաղ, ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Միաժամանակ հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը հավաքների ազատության իրավունքի բովանդակության մեջ չի ներառվում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ»:

 

Հետեւեք իրադարձությունների զարգացմանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930