Փաստաբան Ավագ Լալայանը Չինաստանի քաղաքացիներ Չուան Վանգի եւ Լիեն Ֆընգ Չյունի պաշտպանն է: Չինաստանի այս երկու քաղաքացիները մեղադրվում են Հայաստանում չորս չինուհու սեռական շահագործման մեջ:
Պարզվում է՝ անցած տարվա նոյեմբերին Լենինգրադյան հասցեում գործող «Չերրի» հյուրանոցում առանձին մոտ մեկ ամիս գործել է մերսման սրահ: Որտեղ չինուհիները, ըստ իրենց ցուցմունքի, Չինաստանից հրավիրվել էին աշխատանքի: Նրանց նախապես տեղեկացրել էին, որ մերսման աշխատանք են կատարելու, բայց Հայաստանում նրանց ստիպել են սեռական ծառայություններ մատուցել:
Տուժողները այժմ Հայաստանում չեն, մեկնել են Չինաստան:
Փաստաբանի երկու պաշտպանյալը՝ Չուան Վանգը եւ Լիեն Ֆընգ Չյունը մերսման սրահի աշխատակիցներ են, առաջինը սրահի մենեջերն էր, երկրորդը՝ խոհարարը: Փաստաբանի խոսքով, վերջինս հարկ եղած դեպքում, փոխարինում էր մենեջերին: Թե ինչ տրամաբանությամբ էր խոհարարը մենեջերին օգնում, փաստաբանը դժվարացավ նշել, բայց պնդեց, որ իր երկու պաշտպանյալն էլ իրականում չպետք է մեղադրյալ լինեին, նրանք տուժողներ են, ինչպես մյուս չորս չինուհին, որոնք աշխատեցին ու այդպես էլ աշխատավարձ չստացան:
«Գործի անջատված մաս կա, այդ մասով գործը կասեցված է, որովհետեւ իրական մեղադրյալին, որը չինացիներին գտել, բանակցել ու բերել է Հայաստան՝ աշխատանքի, անհետացել է, չեն գտնում, ինքը փախուստի մեջ է, հետախուզման մեջ է գտնվում: Իմ պաշտպանյալները ոչ մի կերպ չեն աջակցել թրաֆիկինգին, մասնակից չեն ու որեւէ կապ չունեն: Նրանք անմեղ են, իրենց նկատմամբ անհիմն մեղադրանք է առաջադրվել»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Նա պնդեց, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկային. «Քննիչը գրել է , որ իմ պաշտպանյալները նախնական համաձայնության են եկել այլ անձանց հետ, որոշել են Չինաստանից անձանց բերեն այստեղ ու թրաֆիքինգի ենթարկեն:
Բայց այդ որոշումը կայացնելու փուլում նման հիմք չի եղել քննիչի մոտ, հիմք չի ունեցել, որ իմ պաշտպանյալ Չուան Վանգը եւ Լիեն Ֆընգ Չյունը որեւէ նախնական համաձայնության են եկել կազմակերպել թրաֆիկինգ: Իրենք զուտ ադմինիստրատիվ աշխատակիցներ են եղել: Չուան Վանգը մենեջեր էր, ընդունել է հաճախորդներին, ուղեկցել մերսման սրահ, Լիեն Ֆընգ Չյունը եղել է խոհարար:
Քրեական գործով ապացուցվել է, որ սեռական ծառայություն տրամադրած աղջիկները իրենց կամքով են այդ ծառայությունները մատուցել:
Իրենք են որոշել՝ որ հաճախորդին սեռական ծառայություն մատուցեն, ում մատուցեն, ում՝ ոչ: Իրենց որոշելու հարցն է, նրանց վրա ճնշում չի եղել իմ մեղադրյալների կողմից»:
Փաստաբանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցները անցած տարի են բացահայտել մերսման սրահը, աղջիկներին բերման ենթարկել, բացատրություն վերցրել. «Չինուհիները գրել են փախուստի մեջ գտնվող անձի անունը՝ մեղադրելով, որ նա է իրենց խաբել ու սխալ տեղեկություններ տրամադրել, բերել Հայաստան, դարձել թրաֆիկինգի զոհ: Բայց, եթե գործի հանգամանքները նայում ենք, ակնհայտ երեւում է, որ այդ չինուհիները չէին կարող խաբվել, իրենք տեղեկացել են՝ ինչի համար են այստեղ գալու: Եթե անձը մասնագիտական ունակություններ չունի, երբեւէ մերսում չի կատարել, գալիս է այստեղ մերսո՞ւմ կատարելու»:
Մեր հարցին, թե ինչ տրամաբանությամբ են իր պաշտպանյալները գործով մեղադրյալ, պարոն Լալայանն ասաց. «Տրամաբանություն չեմ տեսնում: Որեւէ տարբերություն չկա իմ պաշտպանյալներն էլ են տուժողներ, իսկ բոլոր տուժողների՝ այդ թվում իմ պաշտպանյալների առջեւ պայման է դրված եղել, որ իրենց ճանապարհածախսը իրենք են հոգալու մոտ հինգ հազար դոլար, որ գան Հայաստան աշխատեն»:
Չինացիների այս գործը քննվում է Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դռնփակ դատական նիստով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ