Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս հավաքին հրավիրվել է վեց մարզիկ եւ խնդրեց՝ եթե հնարավոր է, այս անգամ ձեռնպահ մնալ մարզումների ժամանակ ծանրորդներին լուսանկարելուց:
«Շատ պատասխանատու ժամանակաշրջան է: Նախապատրաստվում ենք նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը եւ ուզում ենք, որպեսզի այս ժամանակաընթացքում տղաների ուշադրությունը ոչ մի բանի վրա չշեղվի: Լուրջ ծրագրեր ենք դրել մեր առջեւ այս հավաքում, որոնց մեջ մտնում է նաեւ առանձին վարժությունների կատարման տեխնիկայի հղկումը, ինչը կարեւոր դերակատարություն կարող է ունենալ աշխարհի առաջնության ժամանակ: Հաջորդ հավաքում կընդգրկենք եւս երկու ծանրորդի», – ասաց պարոն Ալավերդյանը: Հարցին, թե աշխարհի այս առաջնությունում ի՞նչ խնդիրներ են դրվելու տղաների եւ ընդհանրապես հավաքական թիմի առջեւ, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Նախաօլիմպիական այս առաջնությունում վերջնականապես որոշվելու է, թե Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից քանի՞ ծանրորդ կունենա: Հետեւաբար, մեր առաջնահերթ խնդիրը նախորդ աշխարհի առաջնությունում նվաճված նախնական հինգ ուղեգրերը պահպանելն է եւ համապատասխան հանգամանքների պարագայում նաեւ մեդալների համար պայքարելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ