ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին տեղեկություն էր ստացել Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ համայնքների դպրոցներում աշակերտների թունավորման մասին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն անմիջապես այցելել են նշված դպրոցներ և պարզել, որ սեպտեմբերի 10-ին Բաղրամյանի դպրոցի բուֆետից օգտվել է շուրջ 215 դպրոցական, Այգեզարդի դպրոցի բուֆետից՝ շուրջ 110-ը: Այդ օրը նշված դպրոցներին մատակարարվել է հոթ դոգ, կեքս, կարտոֆիլով կարկանդակ, բուլկի, գաթա, խաչապուրի, որոնցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության նպատակով: Դպրոցների խոհանոցներից վերցվել են նաև լվացուկներ: Պարզվել է, որ դպրոցներին սնունդ է մատակարարվել միևնույն անհատ ձեռնարկատիրոջ՝ Գոհար Սարգսյանի կողմից, ով սնունդ է մատակարարում նաև մարզի 11 համայնքների դպրոցներին:
Ներկայումս Բաղրամյանի և Այգեզարդի դպրոցներում, ինչպես նաև մատակարարի մոտ իրականացվում են ստուգումներ: Մատակարարի գործունեությունը դադարեցված է, դպրոցներին սնունդ չի մատակարարվում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն