Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի որոշ դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Սրբուհի Գալյանը և Արթուր Նահապետյանը:
Հեղինակների պարզաբանմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են օրենսդրական տարբեր դրույթների միջև հակասությունների լուծման, գործնականում առաջացող բազմապիսի խնդրահարույց իրավիճակների իրավաչափ կարգավորման արդյունավետ ուղենիշ հանդիսանալ: Ընդ որում, կիրառման համար պարտադիր են ոչ միայն դատարանի վերջնական եզրահանգումները՝ որոշումների ձևով, այլև իրավական այլ դիրքորոշումները, որոնք արտահայտվում են դրանց նախորդող շարադրանքում: Ուստի, ՀՀ սահմանադրական դատարանի յուրաքանչյուր որոշում պետք է դիտարկել ամբողջության մեջ և իրավակիրառ գործունեության ընթացքում ղեկավարվել դրանում ամրագրված իրավական բոլոր դիրքորոշումներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից սույն ուղեցույցի հրատարակումը միտված է նպաստելու ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների մատչելիությանը և հասանելիությանը:
Կարդացեք նաև
– Սույն ուղեցույցից օգտվելու պարագայում վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է լիարժեք և ամբողջական տեղեկատվություն ստանալ պահանջվող օրինադրույթների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որևէ որոշման առկայության մասին,- իր խոսքում նշեց ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը և շարունակեց,- ուղեցույցում ամփոփված են ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները:
Ասենք, որ հիշյալ աշխատության առկայությունն էապես կհեշտացնի ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների որոնման աշխատանքները և կնպաստի դրանց վրա ծախսվող ժամանակը խնայելուն՝ այդ կերպ կարևոր տեղ զբաղեցնելով դատական և դատախազաքննչական աշխատանքներին վերաբերող մասնագիտական գրադարանում:
Ի դեպ, հիշյալ ուղեցույցը, էլեկտրոնային տարբերակով, հասանելի է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական՝ www.ccc.am, կայքէջի «Գրադարան» բաժնում:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն