Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը

Սեպտեմբեր 11,2015 18:25

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց «Սրտաբանության եվրակովկասյան 5-րդ համաժողովը» (Euro-Caucasian Congress of Cardiology), որին մասնակցում են 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ՝  Հայաստանից ու Արցախից:

Համաժողովի նպատակն է՝ նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սրտաբանության եվրակովկասյան համաժողովն ապացուցել է իր կարևոր դերը, և պատահական չէ, որ գնալով է՛լ ավելի մեծ թվով հայաստանցի և արցախցի սրտաբաններ են մասնակցում ակտիվորեն այս միջոցառմանը, Սփյուռքի և օտարազգի սրտաբանների հետ փոխանակում իրենց գաղափարներն ու մտահղացումները՝ փորձելով ստացված տեղեկությունների և փորձառությունների համադրմամբ նոր ու առավել արդյունավետ մոտեցումներով հաղթահարել ոլորտին առնչվող մարտահրավերները»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի նախաձեռնող «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությանը և կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին, ով դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներից սկսած զգալի ներդրումներ է արել  Հայաստանում առողջապահական բազմաթիվ ծրագրեր իրականացնելու գործում:

Գերատեսչության ղեկավարը կարևորեց 2010թ. Գորիսում Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի հիմնումը, որն առանցքային դերակատարություն ունի Հայաստանում և, մասնավորապես, Սյունիքի մարզում սրտաբանության ոլորտին աջակցելու և հանրությանն առողջություն պարգևելու գործում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն չորրորդ անգամ անընդմեջ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում կազմակերպում է Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը, և ուրախալի է, որ Հայաստանի սրտաբանները, ակտիվորեն մասնակցում են այս կարևոր ձեռնարկին: Առանձնակի շնորհակալ ենք նաև արտասահմանից ժամանած հայազգի և օտարազգի սրտաբաններին, որոնք  իրենց միջազգային փորձն ու գիտելիքները, ինչպես նաև նոր մտահաղացումները և նորամուծությունները բերում են Հայաստան՝ փորձելով աջակցել մեր երկրում սրտաբանության բնագավառում բարենպաստ միջավայրի ձևավորմանը և առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտ գործին: Ուրախալի է նաև, որ առաջին անգամ համաժողովին մասնակցում է նաև մեր հարևան երկիրը՝ Վրաստանը ներկայացնող սրտաբան»:

Նախարարը հայտարարեց, որ Հանրապետության տոնի առթիվ, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությանը և կազմակերպության նախագահ, դոկտոր Ավետիս Մատիկյանը պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, և նրան հանձնեց մեդալը:

Hranush-2

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ երկօրյա քննարկումները հնարավորություն կընձեռեն մասնագետներին միմյանց փոխանցելու իրենց գաղափարներն ու գիտելիքները, սրտաբանության ոլորտի նորարարական և արդյունավետ մոտեցումները: «Վստահ եմ, որ, երկու տարին մեկ Հայաստանում հավաքվելով և միասին քննարկելով, դրական արդյունքներ կապահովեք Հայաստանում գերակա խնդիր համարվող այս բնագավառում», – հավելեց նա:

Առաջին նիստը վարում էին Ռուսաստանի գլխավոր ինվազիվ կարդիովիրաբույժ,  Ռուսաստանի ինվազիվ կարդիովիրաբուժության ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի հայերի միությանը կից հայ բժիշկների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը և Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի գիտական խմբի ղեկավար Պոլ Բարագանը:

Զեկույցներով հանդես եկան Անտուան Լաֆոնը (Ֆրանսիա, Փարիզ) «Կենսաքայքայելի ստենդ» թեմայով, Ալիս Օհանեսսյանը՝ (Ֆրանսիա, Փարիզ) «Սրտի զարկերակային հիվանդությունը կանանց մոտ», Դավուդ Մոյաիդը՝ (Իրան, Թեհրան) «Սրտի վիրահատություն, երկարաժամկետ արդյունքներ նախկինում CMVC կամ OMVC հիվանդություններ ունեցած հիվանդների մոտ», Բագրատ Ալեքյանը՝ (Ռուսաստան,Մոսկվա) «Նախասրտային միջնորմի ստենդի բացում բնախտական թոքային չափազանց բարձր ճնշման բուժման համար», Օսվալդ Խաչադուրյանը (Սիրիա, Հալեպ) «Կլինիկական դրություն, զեկույց Հալեպից», Միքայել Իսայանը՝ (Ռուսաստան, Կալինինգրադ) «Փոքր տրամագծով աորտալ փականի փոխարինումից հետո, ձախ փորոքի գերաճի հետընթաց տարեց հիվանդների մոտ», Նարբե Մելիքյանը՝ (Անգլիա, Լոնդոն) «FFR 2015թ.-ի սրտաբանության մեջ կիրառվող նորագույն արդյունավետ եղանակ», Ալեք Վահանյանը (Ֆրանսիա, Փարիզ) «Ի՞նչ կարելի է ակնկալել սրտի միտրալ փականի հիվանդության ենթամաշկային բուժումից», Յավադ Զիբաենեզհադը՝ (Իրան, Շիրազ) «Ենթամաշկային սրտային միջամտություն», Արմանդ Էքերը՝ (Մոնակո, Մոնտե Կառլո) «Իշեմիկ սրտային զարկերակի   հիվանդություններում ձախ փորոքի վերականգնում», Դավուդ Մոյաեդը՝ (Իրան, Թեհրան) «Արտաքին ազդրային-երակային միջամտություններ. կարող ենք արդյոք  ապահովել երկարաժամկետ  արդյունք», Դմիտրի Աստապովը՝    (Ռուսաստան, Նովոսիբիրսկ) «The bioLAB Mono» առանց ստենդավորման հյուսվածքային փական. աորտալ փականի փոխարինման վաղ ի հայտ եկած արդյունքները» թեմաներով:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն սեպտեմբերի 12-ին, ժ.09:30-ից Էրեբունի պլազա բ/կ-ում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930