Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ մասնավոր բուհերի մասին. «Դրանք ՓԲԸ են, ՍՊԸ եւ անհատ ձեռներեց»

Սեպտեմբեր 11,2015 17:30

Սեպտեմբերի 11-ին Ծաղկաձորում կայացած «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների եւ «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի առիթով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով ոլորտի հաջողություններին եւ իրենց ուղղված քննադատություններին՝ ասաց, որ կրթության ոլորտում հաջողակ կարող են լինել այն նախագծերը, որոնք հանրային ճիշտ ընկալում ունեն:

Նաեւ հավելեց. «Քննադատության մեջ շատ հաճախ լինում են կենցաղ-կոմունալ մակարդակի վրա գտնվող ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարության առաքելությունը ոչ թե բացարձակ ճշմարտություններ հայտնաբերելն է, այլ պահպանելը ազգային դպրոցը, խորհրդային կրթության լավագույն ավանդույթները:

Aravot.am-ը ԿԳ նախարարից հետաքրքրվեց՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի աջակցել արդեն եղած մանկապարտեզներին, որոնց մեծ մասը փակվել է համայնքային բյուջեների սղության պատճառով, քան ստեղծել նախակրթարաններ, որոնց պարագայում միայն 5-6 տարեկան երեխաների խնդիրն է լուծվում:

«Կա թանկ մոդել, որի հիմքում ընկած են համայնքային մանկապարտեզների վերագործարկման հնարավորությունները, իսկ ՀՀ համայնքների ճնշող մեծամասնությունը չունի այդ հնարավորությունը, եւ կա երկրորդ՝ քիչ ծախսատար տարբերակը: Քիչ ծախսատար մոդել են նախակրթարանները, դա ավելի լավ մոդել է, քան ոչինչ չանելը: Նախակրթարանի ծրագիրը թույլ է տալիս ավագ դպրոցական տարիքի երեխաների հարցը ստաբիլ հիմքի վրա դնել: Իմիջիայլոց, կան նախակրթարաններ, որոնք ստեղծվել են հենց մանկապարտեզների հենքի վրա: Մի խոսքով ավելի լավ է ունենալ այն, ինչը իրատեսական է, քան ոչինչ: Ասեմ նաեւ, որ մանկավարժների կարծիքով տարբերվում են այն երեխաները, որոնք անցել են նախակրթարաններով; Ընդ որում, խնդիրը ոչ թե զուտ հմտությունների մեջ է, այլ սոցիալիզացիայի»,-ասաց նախարարը:

Անդրադարձ եղավ նաեւ մասնավոր նախակրթարաններին եւ ընդհանրապես ոչ պետական կրթական հաստատություններին: Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ, վայրագ կապիտալիզմը Հայաստանի Հանրապետությունում՝ ոչ պետական բուհերի պարագայում, չի աշխատում: Ըստ նրա, անհամեմատ մեծ է ոչ միայն պետական, այլև ոչ պետական բուհերի թիվը, մանավանդ մեր երկրում չկա ոչ համապատասխան գիտամանկավարժական, ոչ էլ շահառուների ներուժը:

«Ամեն մի մասնավոր հաստատություն չէ, որին լիցենզիա ենք տալիս, մասնավոր մանկապարտեզների բացումը ողջունելի է, եթե կա որակ: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության համակարգին, մասնավորի պարագայում այն մինչեւ վերջ չի կայանում, որովհետեւ մարդկանց մի մասը չի հասկանում, որ կրթությունը չպետք լինի շահութաբեր… ՍՊԸ, ՓԲԸ, անհատ ձեռներեց՝ սրանք են մասնավոր բուհերի կազմակերպչաիրավական ձեւերը»,- շեշտեց նա:

Նաեւ հայտարարեց. «Ես կլինեմ ամենաերջանիկ նախարարը, եթե մեկ-երկու մասնավոր բուհ դառնա հզոր»:

Նախարարը տեղեկացրեց, որ ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալությունը հանձնարարական է ստացել՝ ուսումնասիրություններ կատարել բարձրագույն բժշկական կրթական հաստատություններում. «Անցյալ տարվանից մեր լիազորությունն է ստուգել մասնավոր բժշկական բուհերը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930