Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո դահլիճում թեժ մթնոլորտ ստեղծվեց:
Սեւազգեստ մայրերը, որոնք մասնակցում էին նիստին, Հովհաննես Սահակյանին բղավեցին, որ մենք շոու չենք, շոուն դո՛ւք եք:
Նրանք վիրավորվել էին, երբ Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանի նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ թույլ չի տալու զոհված զինծառայողների մայրերին ներկա լինել նիստին, շոու պետք չէ սարքել: Հովհաննես Սահակյանը մոտեցավ ու սկսեց բացատրել, որ ինքը նկատի ուներ Փոստանջյանի նախագիծը, ոչ թե ծնողներին. «Տիկին Փոստանջյանը գիտեր, որ դա կանոնակարգ օրենքի պահանջ է, պիտի նախապես ասեր, ոչ թե ձեզ հրավիրեր այստեղ»:
Մայրերը սկսեցին բողոքել, ի՞նչ փակուղի եք ասում, թե հանձնաժողովը փակուղի է. «Ոչ մի փակուղի չեք մտնի: Որ ասում եք գաղտնիություն, ավարտված գործերն ենք ուզում բացահայտել, ոչ մի գաղտնիություն չկա: Ի վերջո բանակի գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը մատով մի հատ այ սենց արեց՝ բոլոր գործերը բացահայտված են: Վերջապես մեր գործերը թող բացահայտեն, գնանք նստենք մեր տները, որ մեզ չքաշքշեն ոստիկանները, մեզ խփեն, հարվածեն, նվաստացնեն, ստորացնեն: Հերիք չեղա՞վ արդեն, թող պատժեն մեղավորներին, է՛ս ա մեր ուզածը»:
Կարդացեք նաև
Մայրերը Հովհաննես Սահակյանի հետեւից բղավեցին, որ մի հատ վերեւներից, որ զանգեն՝ կանեք: Հովհաննես Սահակյանն էլ բարկացավ. «Ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ զանգերով եմ առաջնորդվում, օրենք կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ