Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
Մինչ քննարկումը նա դիմեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին՝ խնդրելով , որ թույլ տա հանձնաժողովի նիստին ներկա գտնվեն եւ լսեն զոհված զինծառայողների ծնողները:
Մինչ այդ Հովհաննես Սահակյանը զգուշացրել էր, որ դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է եւ ներս չի թողնելու:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախ բարի լինեիք, նիստը սկսելուց առաջ շոուից զերծ մնալու համար քննարկեիք առնվազն հանձնաժողովի նախագահի հետ, ոչ թե ծնողների համար անցագիր իջեցնեիք, կանգնացնեիք դռան հետեւում, հետո նոր գայիք ազնիվ դեմքով հարցը ներկայացնեիք: Դա բարոյական չէ, որեւէ բարոյական նորմերի մեջ ձեր քայլը չի տեղավորվում, հատկապես, եթե զոհված զինծառայողների մայրերն են, ծնողներն են: Եթե մինչեւ այսօր ԱԺ կանոնակարգ օրենքին չեք տիրապետում, դա ինձ մտածելու տեղիք է տալիս: Պետք չէր առանց որոշման ծնողներին բերել, մտցնել դահլիճ: Հաշվի առնելով այն խնդիրը, որը շատ կարեւոր է, հարգելով այս ծնողներին, ձեր ապօրինի քայլին կգնամ ընդառաջ: Նման ձեւ վարվելը ծնողների հետ, բարոյական չէ, առնվազն ճիշտ չէ այս ծնողների նկատմամբ»:
Սեւազգեստ մայրերը տեղավորվեցին դահլիճում եւ մասնակցեցին քննարկմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ