Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով գյուղից երեկ երկու դպրոցականների սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
Այնուհետ գանգատ ունեցող եւս երկու աշակերտների նույնպես հոսպիտալացրել են նույն հիվանդանոց: Դպրոցի աշակերտներից զատ, գյուղի բնակիչներից ոմանք եւս սկսել են բարձր ջերմություն ունենալ, ուժեղ գլխացավ, սրտխառնոց:
Գյուղապետ Հովիկ Պողոսյանը նույնպես վատացել է, վերջինս բարձր ջերմություն է ունեցել, այժմ նրան կաթիլային են միացրել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բնակիչները թունավորվել են կամ մրգից կամ էլ խմելու ջրից: Ըստ նրա, ինքը երեկ ձմերուկ է կերել ու ամբողջ օրը ջուր խմել:
Գյուղապետը նաեւ փոխանցեց, որ Ձիթհանքովի ջուրը շուրջօրյա է, քլորացվում է մեխանիկորեն, սպասարկում է Թալինի ջրմուղը ու մինչեւ օրս ոչ մի խնդիր չէր եղել:
Այս պահին գյուղում աշխատում է համաճարակաբանների խումբը՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության աշխատակիցների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների հետ համատեղ:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Շիրակ մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը, իրենք երեկ առավոտ են ստացել ահազանգը ու գյուղի դպրոցում սկսել են իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ:
Վարակազերծվել, ախտահանվել է գյուղի դպրոցը, հետազոտվել են 130 աշակերտները՝ որպես կոնտակտավորներ, հետազոտվել է խմելու ջուրը, նմուշառումներ են կատարվել ինչպես ջրից, այնպես էլ ցածր դասարանների աշակերտներին տրվող ճաշից, փլավից:
Ըստ Վարդան Ուռուտյանի, կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, երկու օրից անալիզների պատասխանները կտրվեն ու հայտնի կդառնա, թե ինչից են վարակվել ձիթահանքովցիները:
Մեր զրուցակիցը չի բացառում, որ ջուրն է եղել հավանական պատճառներից մեկը: Բնակիչներից եւս երեք հոգի դիմել են իրենց, նրանցից մեկը գյուղապետն է, որին երեկ ամբողջ օրը ուղեկցել է բարձր ջերմությունը: «Վիճակն այս պահին հանգիստ է, նոր հիվանդներ չկան, մենք կատարում ենք մեր աշխատանքները վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ինֆեկցիոնում պառկածների վիճակը նորմալ է: Միջոցառումները կավարտենք վաղը»,- փոխանցեց Վարդան Ուռուտյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության. «Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ