Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նիստը տեղափոխվել էր փոքր դահլիճ, ինչի պատճառով, լրագրողներից բացի, մյուս քաղաքացիները, նույնիսկ Հայկի հայրը, ի վիճակի չէին ներս գալ և հետևել դռնբաց նիստին:
Դատական նիստերի դահլիճ բերվեց Հայկ Կյուրեղյանը՝ ճառով հանդես գալու համար: Նա բացատրեց, թե ինչու է դիմել նման քայլի` նշելով , որ ՀՀ-ում այլ կերպ հնարավոր չէ և այդ ձևով փորձում էր իր ձայնը լսելի դարձնել:
Դառնալով իր համար դատախազի կողմից առաջարկված 14 տարի ազատազրկման ժամկետին` Հայկ Կյուրեղյանը համեմատություն տարավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերի հետ, որ ընտրություններից առաջ ասում էր` ինչքան կուզենք, կխփենք, հիմա էլ իր համար են 14 տարի ուզում:
Կարդացեք նաև
Բայց Հայկ Կյուրեղյանը համոզված է, որ ինքն այդքան տարի ազատազրկված չի մնալու, քանի որ «Սերժը 14 օր էլ չի գոյատևի»: Նա հավաստիացրեց, որ շարունակելու է իր պայքարը:
Անդրադառնալով Քրիստինա Սարդարյանի քաղաքացիական հայցին` Հայկ Կյուրեղյանն ասաց, որ ինչքան վնաս պատճառվել է նրան, այդքան կփոխհատուցվի:
Դատական նիստը հետաձգվեց: Հայկ Կյուրեղյանի գործով վճիռ կհրապարակվի սեպտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ