Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կլոր սեղանի մասնակիցները սկզբունքային համաձայնություն են տվել Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին հայտարարության նախագծին

Սեպտեմբեր 11,2015 15:16

2015 թ. սեպտեմբերի 10-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում կայացած Կլոր սեղանի երկրորդ փուլի ավարտին մասնակիցները հասան կոնսենսուսի և նախաստորագրեցին Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին հայտարարության նախագիծը: Հարկ է նշել, որ Կլոր սեղանի այդ փուլի համար նախապես ծրագրված էր ավելի համեստ արդյունք՝ հայեցակարգային առումով համաձայնեցնել հայտարարության նախագիծը: Սակայն հաջողվեց Ճակատի ստեղծման գործում մեկ քայլ ավելի առաջ գնալ և սկզբունքային համաձայնության հասնել նաև նախագծի տեքստի վերաբերյալ: Կլոր սեղանի վեց մասնակիցներից տեխնիկական պատճառներով առայժմ նախագծին սկզբունքային հավանություն տալու նպատակով իր ստորագրությունը չի դրել միայն Ժառանգություն կուսակցությունը: Հիշեցնում ենք, որ Հանրային փրկության ճակատի հայտարարության ստորագրումը և դրա հիման վրա Ճակատի ձևավորումը նախատեսվում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ ակնկալվում է նաև մյուս ընդդիմադիր ուժերի մասնակցությունը շարունակվող Կլոր սեղանին և հայտարարության ստորագրման միջոցով նրանց միավորումը Հանրային փրկության ճակատի մեջ:

Կից ներկայացվում է Կլոր սեղանի մասնակիցների սկզբունքային համաձայնությանն արժանացած Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին

Ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական միավորումները,

փաստելով, որ Հայաստանում ոտնահարված են Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված արժեքները, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը չի կայացել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն,

արձանագրելով, որ ժողովրդի իշխանության յուրացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում չեն գործում սահմանադրորեն ամրագրված՝ իշխանության ճյուղերի տարանջատման նորմերը, պաշտպանված չեն սահմանադրորեն երաշխավորված՝ սեփականության և քաղաքական ու քաղաքացիական իրավունքները,

անթույլատրելի համարելով վարչախմբի կողմից հանրությանը մոլորեցնելու միջոցով գործող Սահմանադրության ոտնահարմամբ սահմանադրական փոփոխությունների փոխարեն նոր սահմանադրություն ընդունելու փորձը,

դատապարտելով այդ փոփոխությունների նախագծի մշակման և հանրային քննարկման ընթացակարգերի կոպիտ խախտումները, մասնավորապես՝ «Բացարձակ ժողովրդավարության» այլընտրանքային նախագծի քննարկման փաստացի մերժումը,

մտահոգված լինելով, որ վարչախմբի նախաձեռնած նոր սահմանադրության ընդունմամբ խորհրդարանական կառավարման համակարգ և կայուն հասարակարգ ձևավորելու անվան տակ իրականում փորձ է արվում քաղաքացիների ընտրական իրավունքի յուրացման միջոցով օրինականացնելու և կայունացնելու երկրում հաստատված միակուսակցական բռնապետության ռեժիմը և դրա հաշվին հավերժացնելու վարչախմբի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի  կառավարումը,

համոզմունք ունենալով, որ նման սահմանադրության ընդունմամբ էապես կարագանա երկրում տիրող համակարգային ճգնաժամի ընթացքը, ինչի հետևանքով այդ ճգնաժամը կարճ ժամանակահատվածում կվերածվի համազգային աղետի, որն արտահայտվելու է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների զանգվածային ոտնահարմամբ, երկրի մարդաթափությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հետևաբար՝ նաև Արցախի կորստով, հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացմամբ ու համընդհանուր  հայրենազրկությամբ,

նկատի ունենալով, որ գործող Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության և ընտրական հանձնաժողովների առկայության պայմաններում հնարավոր չէ ազատ և արդար ընտրությունների միջոցով հաստատել ժողովրդի իշխանությունը,

նպատակ դնելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության հաստատման միջոցով կասեցնելու ազգի և պետության կյանքի ներկայիս աղետալի ընթացքը և ապահովելու դրանց բնականոն վերարտադրությունն ու զարգացումը,

հայտարարում են,

որ ձեռնամուխ են լինում նոր սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացման և ժողովրդի իշխանության հաստատման գործին, ինչին հասնելու համար

1.      կազմավորում են Հանրային փրկության ճակատ (այսուհետև՝ Ճակատ) և նախաձեռնում են դրա մեջ համախմբել ընդդիմադիր հասարակական-քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին և առանձին գործիչներին,

2.      պատրաստվում են Ճակատի շուրջ մոբիլիզացնել ժողովրդին, այնուհետև իրավունքի ուժով ու գործող Սահմանադրությանը համապատասխան իրականացվող քաղաքացիական անհնազանդության քայլերով ստիպել վարչախմբին հրաժարվելու նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունից և հասնել Նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականին,

3.      նախատեսում են կազմակերպել ազատ և արդար արտահերթ ընտրություններ:

Սույն Հայտարարությունն ընդունած հասարակական-քաղաքական միավորումները բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին և առանձին գործիչներին հրավիրում են միանալու Ճակատին, իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և արտերկրում բնակվող հայությանը կոչ են անում համախմբվել սույն Հայտարարությամբ հռչակված ծրագրի շուրջ և օր առաջ ձեռնամուխ լինել Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործին:

Սկզբունքորեն համաձայն ենք

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930