Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է, թաքնվել է ձեր նման տեսաբանների հետեւում». Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 11,2015 14:42

Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ չի պատասխանելու որեւէ քաղաքական հարցի, միայն իրավական կողմին է անդրադառնալու:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրան հարց ուղղեց. «Դուք ասացիք, որ հանրային համաձայնության առարկա պետք է լինի Սահմանադրությունը փոխելը: Մինչեւ այստեղ գալը Սերժ Սարգսյանից չպարզեցի՞ք, որ որպես իրավաբան, տեսաբան գիտնական՝ չեք կարողանալու պատասխանել այն հարցերին, որոնք հուզում են հանրությանը: Մենք քաղաքական մարմնում ենք, բնականաբար, քաղաքական հարցեր էլ են լինելու: Դուք ո՞ւմ շահերն եք այս պահին պաշտպանում, ձեր վստահորդի՝ Սերժ Սարգսյանի հետ չխորհրդակցեցի՞ք, որ ԱԺ-ում ձեզ քաղաքական հարցեր էլ պետք է տրվեն, ես չեմ կարողանալու պատասխանել եւ ձեր բացակայությունը արդար չէ: Հանրությունը տեղյակ չէ՝ վերջիվերջո 2013-ի սեպտեմբերի 3-ին երբ հայտարարեցիք, որ գնում եք ԵՏՄ, հաջորդ օրը այդ ինչպիսի՞ երազով ոգեւորվեցիք, որ որոշեցիք քաղաքական մոդելը փոխել այս երկրում եւ որոշեցիք, որ նորից կարող եք պաշտոնավարել: Այս հարցերի պատասխանները մենք ուզում ենք ստանալ իրենից»:

Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն 1 անգամ է եկել ԱԺ եւ ուղերձով հանդես եկել. «Հիմա դուք Սահմանադրությունը փոխում եք, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա պաշտոնավարելու: Բա դուք չհարցրեցի՞ք իրեն՝ ախր հանրությունը ձեզ չի հավատա, որովհետեւ բազմիցս խաբել եք: Եվ հետո, դուք ինքներդ հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանին, որ նա չի ցանկանալու նորից պաշտոնավարել: Երկու անգամ այդ անձը այս Սահմանադրության վրա երդվել է, բայց բազմիցս ոտնահարել է Սահմանադրությունը: Նա ինքն է խախտում Սահմանադրությունը, բա նրան չհարցրեցի՞ք՝ երկու անգամ խաբել եք մեզ, որ հայտարարություն եք անում, արդյո՞ք ժողովուրդը ձեզ կհավատա, պարզ չէ՞, որ դուք վերարտադրվելու համար եք դա անում: Այդ Սերժ Սարգսյանը, որ ուզում է փոխել մոդելը, ինքը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է: Իմանանք, ի՞նչ հիմնադիր հայր է, որ ցանկանում է փոխել ու թաքնվել է ձեր նման տեսաբանների հետեւում: Մենք չենք իմանում, թե Սերժ Սարգսյանը ում ինչ է խոստացել, ի վերջո սա ի՞նչ պետություն պետք է լինի, գուբերնիա պետք է լինի»:

Zaruhi_Postanjyan_4

Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, ո՞ւր է Սերժ Սարգսյանը՝ այս ամենի հեղինակը, ինչո՞ւ չի եկել ԱԺ, այդպես էլ փակվա՞ծ է մնալու Բաղրամյան 26-ում:

Վարդան Պողոսյանը հրաժարվեց պատասխանել այդ քաղաքական դիտարկումներին, միայն նշեց, որ դրանք չի կիսում եւ համաձայն չէ:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կսմթեց, թե ձեր խմբակցության անդամները հանդիպել են հանձնաժողովի հետ, բացի այդ, «Ժառանգությանն» էլ Սերժ Սարգսյանը հրավիրել է հանդիպման, գնայիք, ձեր խմբակցության ներքին խնդիրներն են, ներսում պարզեք:

Զարուհի Փոստանջյանն էլ նորից հստակեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցության անունից Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը չեն հանդիպել, որպես մասնավոր անձ են գնացել:

Հետո Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրության վրա էլ երդվել է փակ տարածքում՝ Համալիրում. «Ինքը եւ իր խմբակն է եղել՝ հանրությունից կտրված»:

Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց. «Դուք խոսում եք ՀՀԿ-ից, մի հատ հլը «Ժառանգությանը» նայեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930